MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +21 °C Yarın:+23 °C
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի թեման Նիդերլանդների հասարակական քաղաքական կյանքում
17:47, 16.04.2015
3999 | 0

Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցին նվիրված միջոցառումներն օրըստօրե լայն արձագանք և հասարակական հնչեղություն են ստանում Նիդերլանդներում: Բազմաթիվ ու բազմաբովանդակ են տեղի հայկական կառույցների ուժերով և նախաձեռնությամբ կազմակերպած միջոցառումները երկրով մեկ: Բազմաշերտության ծավալներից ելնելով դրանց թվարկելն ու անրադառնալը գրեթե անհնար է, այն օրեցօր ավելանում, նոր թափ ու որակ է ստանում: Չկա մի օր, երբ Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները հիշատակի տարելիցի առիթով միջոցառում չկազմակերպեն, այն ընթանալու է դեռ ողջ 2015 թվականին և բուն միջոցառումներն առջևում են...
Այս ֆոնին հատկանշանականը Հայոց Ցեղասպանության միջոցառումներին Հոլանդիայի հրեական, հունական, սիրիական, ասորական, քրդական, անգամ թուրքական համայնքների ու կազմակերպությունների կազմակերպված մասնակցությունն է: Այնուհանդերձ արագացող ընթացքով ու շատ արդյունավետ Հայոց Ցեղասպանության 100-ամյակը լուսաբանվում է նիդերլանդական տարբեր կազմակերպությունների, պետական ու պաշտոնական կառույցների ու նաև մամուլի ու հեռուստատեսության կողմից:



Մամուլ և Հեռուստատեսություն
Historisch Nieuwsblad Նիդերլանդներում հայտնի պատկերազարդ ամսագիրը իր 2015 թվականի առաջին համարում «Իրական ցեղասպանություն» վերնագրով զետեղեց ծավալուն 8 էջանոց մի հոդված, որում պատմական անրադարձ է կատարվում, լուսանկարներով, ներկայացվում է դաժան եղելությունը: Այս թեման մինչ օրս շարունակում է մնալ տեղի այլ թերթերի և ամսագրերի ուշադրության կենտրոնում: Գնալով կրկնապատկվում և բազմապատկվում են լույս տեսնող հոդվածների քանակը: Բավարար ակտիվություն է նկատվում հեռուստատեսային լուսաբանումներում: Բացի Հայոց Եղեռնի մասին կարճ լուրերից ու ռեպորտաժներից Նիդերլանդների հանրային հեռուստատեսության 2-րդ հեռուստաալիքով մաս-մաս ցուցադրվում է «Արյունակից եղբայրներ» փաստավավերագրական ֆիլմը: Այն «VARA» հեռուստաընկերության թողարկած ֆիլմն է և արդեն ամբողջությամբ ցուցադրվել է Հաագայի «Կարևորություն ունեցող ֆիլմեր» -ի «Movies that Matter» փառատոնի շրջանակներում:
Հետաքրքրական է, որ նիդերլանդական մեդիայի միջոցներն իրենք են հայկական կազմակերպություններին տեղյակ պահում իրենց հրապարակած նյութերի մասին: Բավական ուշագրավ նամակ է ստացել հայկական VAN կազմակերպության նախագահ տիկին Սվետա Աբրահամյանը' NPO Spirit հայտնի հեռուստակայանի խմբագիր-հեռուստահաղորդավար Եվա դե Բուրից: Հանրային հեռուստատեսության բարձր' A կարգավիճակ ունեցող այս հեռուստակայանի ղեկավարն ինքն է տեղյակ պահել, որ Հայաստանին նվիրված լուր է պատրաստել և առաջարկել այն տեղադրել կազմակերպության կայքում: Տեսաերիզը, որ ուղեկցվում է տեքստով, անրադառնում է հայտնի կիրակնօրյա իրադարձություններին. «Կիրակի երևանում տոն էր, - ասվում է հեռուստառեպորտաժում, ոչ միայն այն պատճառով, որ անակնկալ համերգ տվեց Քանյե Ուեսթը...
Մեծ հուզմունք առաջ բերեց Վատիկանում Ֆրանցիսկոս Հռոմի պապի 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը Ցեղասպանություն արտաբերելը: Հայաստանը ուրախ է, որ ի վերջո հնչեց Ցեղասպանություն բառը:
Սակայն թուրքերը շարունակում են ժխտել Ցեղասպանությունը' դեպքերը որակելով, որպես առաջին համաշխարհային պատերազմի հետևանք»:
Հաղորդման ընթացքում հնչում են ՀՀ նախագահի, Թուրքիայի վարչապետի դիրքորոշումները, հասարակ մարդկանց կարծիքները, ցուցադրվում են կադրեր Քարդաշյան ընտանիքի Ծիծեռնակաբերդ այցելությունից:
Հաղորդումը եզրափակվում է Հայոց Ցեղասպանության օրվա հիշատակմամբ' այն պաշտոնապես նշվում է ապրիլի 24-ին մայրաքաղաք Երևանում, ասել է հաղորդավարուհին:
Իր նամակի վերջում NPO Spirit-ի խմբագիրը հղում է արել հաղորդման հասցեն և նյութը կայքում տեղադրելու համար կոդ է տրամադրել, հայտնել, որ այն տևական ժամանակ մնալու է համացանցում:
Այս թեմայով ռեպորտաժ է պատրաստել նաև NOS նորությունների հեռուստակայանը: «Հինգ հարց Հայոց Ցեղասպանության մասին» վերնագրով և մեծադիր լուսանկարով մի հոդված էլ տեղադրել է սեփական կայքում: Այն ճանաչողական բնույթի է և ընթերցողին լայն պատկերացում է տալիս Հայոց Ցեղասպանության, Թուրքիայի դիրքորոշման ու Ցեղասպանությունը ճանաչած երկրների դիրքորոշումների մասին:
«Պապը խոսում է Հայոց Ցեղասպանությունից» վերնագրով հոդված է զետեղել կես միլիոնից ավելի տպաքանակ ունեցող De Telegraaf թերթը: Ծավալուն հոդված է տպագրել նաև մեկ այլ հանրահայտ թերթ ' Volkskrant-ը, Նիդերլանդական այլ թերթեր և ինտերնետային լրատվության միջոցներ:


NPO Spirit հայտնի հեռուստակայանի խմբագիր-հեռուստահաղորդավար Եվա դե Բուր
Հայոց Ցեղասպանության վերջին քննարկումները Նիդերլանդների խորհրդարանական և կառավարական շրջանակներում
Հայոց Ցեղասպանության թեման ավելի բուռը զարգացումներ է ունեցել Նիդերլանդների խորհրդարանական հարթակներում, ինչը չի կարելի ասել կառավարության կուլիսներում տարվող զգուշավոր քաղաքականության: Ինչպես հայտնի է անցյալ տարի Ալմելոյում բացվեց Ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված հուշհամալիրը ու այս կապակցությամբ թուրք ժխտողականները հրահանգ ու աջակցություն ստանալով Անկարայից, մեծ աղմուկ բարձրացրեցին' փորձելով արգելել հուշհամալիրի կառուցումը: Ի պատիվ խորհրդարանական ուժերի, ովքեր դատապարտելուց զատ, կառավարությունից պահանջեցին պարզել և պատժել խժդժությունների մասնակիցներին, անգամ տեղի մարզային խորհրդով Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեցին: Նիդերլանդների խորհրդարանի հինգ խմբակցություններ ' Սոցիալիստական (SP), Քրիստոնյա Դեմոկրատական Կոչ (CDA) , Քրիստոնեական Միություն (CU), Բարեփոխված Քաղաքական (SGP) և Ազատության համար (PVV) կուսակցությունները հետամուտ են եղել հայկական խնդիրներին: Հոլանդացի պատգամավորները մեկ անգամ չէ, որ սուր հարցադրումներ են առաջ քաշել կառավարությանը: Օրինակ' ինչ՞ու հոլանդական կառավարությունը ի թիվս Հոլոքոսթի և Ցեղասպանության այլ դրսևորումների չունի Հայոց Ցեղասպանության ժխտման դեպքերի համար իր հստակ դիրքորոշումը: Պատգամավորներին հետաքրքրել է, թե կառավարությունն ինչպե՞ս է ապահովելու Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների անցկացումը: Պատգամավորները պահանջել են, որ կառավարությունը վստահեցնի և ապահովի իր ներկայությունը ոգեկոչման միջոցառումներին:
Արդեն ապրիլի 9-ին խորհրդարանը կարծես թե մասամբ ստացավ այդ հարցերի պատասխանը: Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց որոշում, որով հույս է հայտնվում առ այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգոկոչման միջոցառումները Նիդերլանդներում և այլուր իրենց ներդրումը կբերեն ներգրավված համայնքների միջև հարգանքի ու միմյանց ընդունման ձևավորմանը, հանձնարարվում է կառավարությանը՝ 2004թ. կոնսենսուսով ընդունված Ռաուֆուտի որոշմանը համահունչ, երկկողմանիորեն և ԵՄ համատեքստում շարունակել կոչ անել Թուրքիայի կառավարությանը նոր խթան հաղորդել Հայաստանի հետ մերձեցմանը և հաշտեցման եզրեր փնտրել Հայաստանի կառավարության հետ:
Որոշումն ընդունվեց 127 կողմ և 13 դեմ համամասնությամբ:
Կառավարությանն էլ կարծես ձեռնտու էր Թուրքիային ոչ այնքան դատապարտող խորհրդարանի այս նոր հայտարարությունը:
Ռութեի կառավարության այդչափ զգուշավորությունը կարելի է կապել պետության արդեն մշակած քաղաքականության հետ: Նիդերլանդները, որ տնտեսապես, տարեկան հինգ միլիարդ դոլարից ավելի շրջանառությամբ կապված է Թուրքիային, առաջինը չի փորձում փչացնել իր հարաբերությունները այդ երկրի հետ: Մյուս հանգամանքը Նիդերլանդներում ապրող մի քանի միլիոն թուրքերի գործոնն է, իսկ հաջորդը' նիդերլանդական բազմազգ հասարակության մեջ ազգային պառակտման բացառումը էթնիկ խմբերի միջև: Թերևս դա է պատճառը, որ Ցեղասպանության հարցում կառավարությունը զգաստ ու զուսպ քաղաքականություն է հանդես բերում, խուսափում խորհրդարանական սուր հարցադրումների պատասխաններից: Պատճառը բացատրելի է: Այդ մասին վկայում են հետևյալ օրինակները:
Երբ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Մասիս Աբրահամյանը և Ալմելոյի Հայ Առաքելական Եկեղեցու վարչության ատենապետ Օնիկ Գելիջին կառավարության կազմակերպած կրոնական հավաքի ժամանակ օգտագործելով առիթը մոտեցել են վարչապետին ու հարցրել' արդյո՞ք ինքը, թե կառավարության մեկ այլ անդամ է մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ռութեն պատասխանել է, որ սա բավականին զգայուն հարց է և խորհուրդ է տվել դիմել արտգործնախարար Կունդերսին: Նույն Կունդերսի մասին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախագահն Մաթո Հախվերդյանն ասել է, որ խորհրդարանում պատգամավոր եղած ժամանակ բազմիցս է նա, նաև 2004 թ. հանրահավաքներում բացեիբաց խոսել ու դատապարտել Թուրքիայի կողմից իրագործած ցեղասպանությունը: Եվ ահա, կառավարության կազմ տեղափոխվելուն պես կտրուկ փոխել է հայացքները: Կառավարության կաբինետն ընդունում է, որ տեղի ունեցածը ողբերգություն է, ցավակցում է հայ ժողովրդին և այս պահի որոշմամբ ապրիլի 24-ի Երևանյան սգո միջոցառումներին լիազորել է մասնակցել Վրաստանում Հայաստանի դեսպանին: Հենց այս փաստը չի դիմանում բազմաթիվ խորհրդարանականների քննադատություններին: Ազատություն (PVV) կուսակցության առաջնորդ Գերդ Վիլդերսը, Նիդերլանդների վարչապետ Ռութեին և թագավոր Վիլհեմ Ալեքսանդրին' ապրիլի 24-ին հորդորել է Հայաստան այցելելու, հարգելու համար 1915 թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Խորհրդարանում կառավարության հետ ապրելի մեկի հարց ու պատասխանի ժամանակ տարբեր կուսակցություններ ներկայացնող Օմթզիգթի, Բոմելի, Վորդևինդի և մյուսների կողմից այս հարցն ավելի սուր է դրվել: Նրանցից մեկը արտգործնախարարին պարզապես այսպիսի հարց է ուղղել' Ո՞վ է որոշել, որ Սաուդյան Արաբիայի թագավորի հուղարկավորությանը Նիդերլանդներից պետք է այդչափ բարձր պատվիրակություն գործուղվեր, իսկ Ցեղասպանության զոհ դարձած մի ամբողջ ազգի համար նախատեսվեր միայն դեսպան:
Գնալով Հայոց Ցեղասպանության թեման շարունակվում է արդիական ու գերիշխող դառնալ Նիդերլանդների քաղաքական ու հասարակական կյանքում, լուսաբանվել մամուլով և հեռուստատեսությամբ: Մոտակա օրերին սպասվում է խոշոր հանրահավաք Դեն Հաագի կենտրոնական հրապարակներից մեկում, այնուհետև բողոքի երթ դեպի թուրքական դեսպանատուն: Հանրագրի հանձնում խորհրդարանին: Դրանից հետո կհետևեն ոգեկոչման արարողություններ Նիդերլանդների տարբեր քաղաքներում, մասնավորապես ապրիլի 24-ին ծաղիկներ կդրվեն Ասենի և Ալմելոյի Եղեռնի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողներին: ՈՒ սա դեռ վերջը չէ...
«Նիդերլանդական Օրագիր»
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı