Մայիսի 2, 2015 թվական Հերթական անգամ Նիդեռլանդների Հերհուխովարդ քաղաքում, կաթոլիկ եկեղեցու կամարների տակ, հնչեց Հայոց Սուրբ Պատարագը: Պատարագից հետո տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթ: Ցերեկույթը բացեց Ամստերդամի Սուրբ հոգի եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տարոն Թադևոսյանը: Նա խոսեց եղեռնի տարիներին մեր ժողովրդի կորուստների կողքին նրա ունեցած ձեռքբերումների ու հաղթանակների և դրանցում հայ եկեղեցու դերի մասին: Այնուհետև ելույթ ունեցավ Վիգեն Սարգսյանը, որն իր խոսքում համառոտ ներկայացրեց 20-րդ դարի Առաջին Ցեղասպանության համառոտ պատմությունն ու նրա ճանաչման գործընթացում քաղաքական վերջին զարգացումները: Իսկ Նաիրի Հակոբյանը խոսեց ցեղասպանության հարցում թուրք ժողովրդի պատասխանատվության մասին: Ցերեկույթի ընթացքում հնչեցին Կոմիտասի հոգեթով «Հով արեք» -ն ու անմահական «Կռունկը»` Լիլիթ Առաքելյանի և Մարգարիտ Մանուկյանի հուզիչ կատարմամբ: Հանդիսականներն ունկնդրեցին ասմունք` Անուշավան Կիրակոսյանի, Վիգեն Սարգսյանի ու Սուսաննա Հարությունյանի գեղեցիկ ընթերցմամբ: Նրանք կարդացին Գևորգ Էմինի, Վիլյամ Սարոյանի, Սիամանթոյի և Սոնա Արշունեցու ստեղծագործություններից: Միջոցառման ընթացքում հանդես եկան նաև համայնքի մանուկները: Հնչեց ջութակ՝ Վալենտինա Բեգլարյանի գեղեցիկ կատարմամբ: Առանձնապես հուզիչ ու ազդեցիկ էր Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Փոխանորդ, Հոգեշնորհ Սերովբե Վարդապետ Իսախանյանի խոսքը: Նա ասաց, որ հայոց պատմությունը չավարտվեց 1915 թվականին: Այն շարունակվում է, քանի որ այսօր էլ մենք հավատարիմ ենք մեր եկեղեցուն, և մեր մանուկների շուրթերը բարբառում են հայերեն: Մեզ չեն կարող սպանել, «քանի որ մեր ազգը մեռնելու մտադրությամբ չի ապրում»: «Գալ տարի հանդիպենք Վանում ու Սասունում», - պատգամեց Հայր Սուրբը: Պետք է հավատալ ու մեր հոգում վառ պահել այս գաղափարը՝ կենդանացնելով, ապրեցնելով ու հնչեցնելով մեր լեզուն, հավատարիմ մնալով մեր հավատքին, քանի որ օտարության մեջ «հայապահպանության փոխարեն հայակերտում է պետք մեզ»: Սա էր Հոգեշնորհ Սերովբե Վարդապետի մյուս պատգամը ներկաներին: Միջոցառմանը ներկա էր Նիդեռլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան տիկին Ձյունիկ Աղաջանյանը: Նա իր ելույթում նշեց պատմական հիշողության կարևորությունը ազգի գոյատևման համար: Առ աստված ուղղված միասնական աղոթքից հետո` ներկաները մասնակցեցին անմեղ զոհերի հիշատակի հոգեճաշին: |