MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +21 °C Yarın:+20 °C
Պատմության արահետներին սիրահար ընտանիքը
12:20, 17.07.2015
3824 | 0
Արմեն և Արմինե Ասատրյանները ուսումնասիրություններ են կատարում Հայաստանի ազգային արխիվում:

Արմեն Ասատրյանը ծնվել, մեծացել է Աշտարակի շրջանի (ներկայումս Արագածոտնի մարզ) Օհանավան գյուղում' մանկավարժի ընտանիքում: Հայրը' Հոկտեմբեր Ասատուրի Սիմոնյանը նաև ճանաչված ու հմուտ քանդակագործ էր: Նրա շնորհաշատ ձեռքի գործերից են Կարբի գյուղում կառուցված, հայրենական մեծ պատերազմում մասնակցած և զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի քանդակներն ու մանրաքանդակները: Հեղինակ է ֆրանսիացի բարերարների միջոցներով դպրոցի դիմաց կառուցված խաչքարի, մասնակցել է Ջավախքի Մեծ Խորենիա գյուղի (վրացիները հայտնի պատճառներով այն թարգմանել, անվանափոխել են Դիդի Խորենիա) գործող եկեղեցու կառուցմանը և այլը:
Հիշյալ հայրենասիրական ձեռնարկումները չէին կարող անտարբեր դիտորդի կարգավիճակում թողնել Արմենին: Նա ընդունվում և ավարտում է Երևանի պետական Համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը, որից հետո անմիջապես աշխատանքի անցնում պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում: Երիտասարդ գիտաշխատողը, ով սիրահարված էր հայրենի եզերքի քար ու թփին, պատմական արժեք ներկայացնող հուշարձաններին, հազիվ է ճաշակում աշխատանքային բերկրանքն ու սիրած գործի քաղցրությունը, երբ սկսվում է արցախյան գոյամարտը: Լինելով իր հայրենի հող ու ջրի նվիրյալ սիրահարը, անմիջապես կամավորական ջոկատների կազմում մասնակցում է Ոսկեվանի, Բարեկամավանի, Կոթիի, Կիրանցի, Ոսկեպարի (Նոյեմբերյանի, Իջևանի շրջաններ) ինքնապաշտպանական մարտերին և հաղթանակով տուն վերադանում:
Արմենն այսօր ընտանիքով ապրում է Երևանում և իր սիրած աշխատանքն է կատարում: ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հետազոտման գիտարտադրական կենտրոնի աշխատակից է, նաև «Երկրապահ» կամավորական միության անդամ ու Աստված չարասցե, վտանգի դեպքում նա ոչ միայն հուշարձանների պահպանության դիրքերում է լինելու...
Թեև թշնամուն պարտադրվել է խաղաղությունը և նպաստավոր պայմաններ կան գիտական պրպտումների ու ստեղծագործ աշխատանքի համար, վստահաբար կարելի է ասել, որ դա այդպես չէ Արմեն Ասատրյանի համար: Նա մշտապես փնտրտուքների մեջ է, մաքառում, պայքարում է' գտնելու, փրկելու, վերականգնելու պատմական արժեք ներկայացնող հուշարձանների խունացող վավերագրերը: Նրան Նիդերլանդական Օրագրի թղթակիցը հանդիպեց Հայաստանի ազգային պետական արխիվի ընթերցասրահում: Արմենն ի մի է բերում Վրաստանի տարածքում գտնվող հայկական մշակութային պատմական ժառանգությունների մասին փաստերն ու տեղեկությունները: Սա հսկայածավալ ժամանակ զբաղեցնող աշխատանք է, որի ճանապարհին քիչ չեն խոչնդոտները, քանի որ բավականին արժեքավոր տեղեկություններ մնացել են հարևան Ադրբեջանի և Վրաստանի արխիվներում: Վրացիները ոչ բոլոր դեպքերում են սիրահոժար տրամադրում հայկական մշակութային ժառանգությանն առնչվող նյութերն ու տեղեկությունները: Արմենը ստիպված է լինում օգտվել այլ լծակներից, կիրառել ճկուն մեթոդներ ' կորզելու համար հարկավոր տվյալները: Անգամ Ադրբեջանի ազգային պետական արխիվից նա հայկական եկեղեցիներին վերաբերող նյութեր է ձեռք բերել: Այժմ էլ հպարտությամբ է պատմում, որ իր ձեռքի տակ են Թբիլիսիի Ս. Մողնու, Ս.Գևորգ և Ս.Նշան հայտնի եկեղեցիների գործունեությանն առնչվող հետաքրքիր ու ամբողջական տեղեկությունները: Էջմիածնի կաթողիկոսարանը շուտով այդ մասին պատրաստվում է գիրք հրատարակել: Սա բոլորը չէ: Մոտակա տարիներին կամբողջացվեն Թբիլիսիում գտնվող հայկական մոտ 25 և Վրաստանի տարածքի 360 հայկական եկեղեցիների ուսումնասիրությունների արդյունքների մասին պատմող նյութերը: Արմեն Ասատրյանը պատմական անցյալին վերաբերվող ու մշակութային ժառանգություններին առնչվող գիտահանրամատչելի բազմաթիվ հոդվածների հեղինակ է, անգամ «Ծաղկեվանք» անունով թերթ է հրատարակել: Չկա որևէ հանրապետական թերթ, որտեղ զետեղված չլինեն նրա հեղինակած հոդվածները: Հրատարակել է Կարբի գյուղի, Հովանավանքի հին դպրոցի, Փիրումյանների մասին պատմող գրքերը: Ի դեպ նրա հետ համատեղ պայմանավորվածություն կա իրականացնել հայոց ազնվական տոհմերից Ամատունիների մասին պատմող գրքի ստեղծման և տպագրության նախագիծը:
Այս բազմազբաղ աշխատանքներում մշտապես Արմենի կողքին է, և նրան ծավալուն աջակցություն է ցուցաբերում կինը' Արմինեն, ով մասնագիտությամբ մանկավարժ է, բայց հասցրել է յուրացնել պատմությանն առնչվող մասնագիտական նուրբ հմտությունները: Նա մեկ ամուսնու կողքին է' Երևանի տարբեր գիտական կենտրոնների ընթերցասրահներում, մեկ տանը' համակարգիչի մոտ, մեկ էլ գորովագութ ու սրտացավ մայրական պարտականություններն է կատարում: ՈՒնեն երկու զավակ' Տիգրանը և Սոնան:
Այս հետաքրքիր ընտանիքի մասին մեր պատմությունն ամբողջական չի լինի, եթե չխոսենք 16-ամյա Սոնայի մասին: Նա երեք տարեկանից կարդալ-գրել է սովորել, հինգ տարեկանից շախմատ խաղալ: Տասը տարեկանում լրացրել է այս սպորտաձևի առաջին կարգայինի նորման: Հինգ անգամ մասնակցել է Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնություններին, եղել է Հայաստանի չեմպիոնը, փոխչեմպիոնն ու մրցանակակիրը, դպրոցականների օլիմպիադայի հաղթող է: Նրան մարզում է միջազգային կարգի գրոյսմաստեր Հրայր Սիմոնյանը: Ամենահիշարժանը Սոնայի կյանքում 2009 թվականն էր, երբ Թուրքիայում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում մեկ օրում հաղթեց 2 թուրք մասնակցի, իսկ հաջորդ օրը ևս մեկին: Այս հաղթանակները կարևորվել են նրանով, որ թուրք մասնակիցները նախօրոք Սոնային հասկացրել են, որ իրենք են հաղթելու:
Սոնան հավատարիմ է ընտանեկան ավանդույթներին, հետ չի մնացել հայրիկից, հրատարակել է «Շախմատային ասույթներ» գրքույկը: Հայտնի շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանը, երբ տեսել է Սոնայի հեղինակած գիրքը, համբուրել է նրան և հուզվել ուրախությունից:
Այսպես է ասատրյանների ընտանիքը վաղվա պատմության համար կերտում այսօրվա օրը:

(Մեր թղթ.)




2009թ. Թուրքիայում անցկացված շախմատի աշխարհի պատանեկան առաջնության հավաստագիրը:
Սոնա Ասատրյանը (աջից)
Սոնա Ասատրյանը
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı