Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱրՊՀ-ում համագործակցության հուշագիր է ստորագրվել «Սիներջի Սիսթեմս» և «Կապիտալ Սոֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ: ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել ընկերությունների հետ այս տարիների ընթացքում գործընկերային հարաբերությունները, որոնք եղել են արդյունավետ առաջին հերթին ուսանողներին գիտելիք փոխանցելու և բուհի շրջանավարտներին աշխատանքով ապահովելու տեսանկյունից: «Սիներջի Սիսթեմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Միքայել Սարգսյանի խոսքով՝ ԱրՊՀ-ի հետ համագործակցությունը տարիների պատմություն ունի, և հուշագրով այդ գործակցությունն ամրագրվում է: «Մեր ընկերության մասնագետները ԱրՊՀ-ում պարբերաբար հանդես են գալիս դասախոսություններով, և դրանք հիմնականում երկու նպատակ են հետապնդում. առաջին՝ գիտելիք փոխանցել ուսանողներին և երկրորդ՝ այն ուսանողները, ովքեր հետաքրքրված են ոլորտով և ունեն անհրաժեշտ գիտելիքներ, վերապատրաստվեն ընկերությունում, ու հետագայում դառնան ընկերության աշխատակիցները», -ասել է Մ. Սարգսյանը: «Կապիտալ Սոֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Մնացականյանը, իր հերթին կարևորելով հուշագրի ստորագրումը, նշել է, որ հուշագրով բուհի հետ համագործակցությունը զարգացման նոր փուլ կմտնի, որը երկուստեք կլինի արդյունավետ: Փոխգործակցության հուշագրի նպատակն է համատեղ ուժերով նպաստել բուհում կրթական համակարգի զարգացման գործընթացին, երիտասարդ մասնագետների համար ստեղծել նորագույն տեխնոլոգիաների միջոցով տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորություններ, հաստատել փոխշահավետ, բազմաբնույթ համագործակցային հարաբերություններ։ Հուշագրի շրջանակներում ընկերություններում անց են կացվելու ուսանողների արտադրական և ուսումնական փորձուսուցումները, ընկերությունների աշխատակիցների ներգրավմամբ կազմակերպվելու են մասնագիտական առարկաների համատեղ դասավանդում, ուսանողների գիտահետազոտական աշխատանքների ղեկավարում, համատեղ իրականացվելու են գիտահետազոտական աշխատանքներ, աշխատանքային այլ ծրագրեր, գիտամանկավարժական գործունեության արդյունքների համատեղ քննարկում և գնահատում։ |