ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Այսօր լեգենդար Շավարշ Կարապետյանի հոբելյանն է
15:10, 19.05.2018 | mamul.am
19665 | 1

Այսօր հանճարեղ մարզիկ, սուզալողի աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ 7-ակի չեմպիոն, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, տասնյակ կյանքեր փրկած հերոս Շավարշ Կարապետյանի ծննդյան օրն է։ Կենդանի լեգենդը դառնում է 65 տարեկան։ Այս անվանի մարզիկի անունը պատմության մեջ մտել է ոչ միայն մարզական հաջողությունների, այլև մարդկային սխրանքների համար։ Նա 3 անգամ տասնյակ մարդկանց կյանք է փրկել։
1974 թվականի հունվարի 8-ին Շավարշ Կարապետյանը Ծաղկաձորի մարզաբազայից ավտոբուսով վերադառնալիս է եղել Երևան։ Ավտոբուսում այդ պահին եղել է երեսունից ավել ուղևոր` նաև մարզիկներ։ Վերելքի վրա վարորդը, նկատելով շարժիչի անսարքությունը, ստիպված կանգնացրել է մեքենան և դուրս եկել։ Նույն պահին անկառավարելի ավտոբուսը տեղից շարժվել է։ Վարորդի բացակայությունն առաջինը նկատել է հենց Կարապետյանը, ով ամենից մոտն էր նստած վարորդին։ Փորձելով կանգնացնել ավտոբուսը և կանխել դրա անկումը ձորի մեջ` Շավարշը արմունկով ջարդել է վարորդի խցիկի ապակյա պատը և կտրուկ ուղղել ավտոբուսը դեպի սար։ Ավելի ուշ, իրավիճակի վերլուծության ընթացքում պարզվել է, որ այդ որոշումը միակ ճիշտ ելքն էր՝ վթարից խուսափելու համար։
1976 թվականի սեպտեմբերի 16-ին Կարապետյանը փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվել է ջուրը` խեղդվող մարդկանց փրկելու։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում, Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը թոքերի բորբոքում տարավ, որը բարդացավ սեպսիսով։ Այս սխրանքները, ցավոք, լուրջ վնաս հասցրեցին Կարապետյանի առողջությանը և նա լքեց պրոֆեսիոնալ սպորտը։
1985 թվականի փետրվարի 15-ին Կարապետյանը կրկին մարդկային կյանքեր է փնտրել։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրդեհ էր։ Կարապետյանն, իմանալով այդ մասին, առաջինների թվում էր, որ ժամանել է դեպքի վայր՝ հրշեջներին օգնության հասնելու։ Նա բազմաթիվ վնասվածքներ և այրվածքներ էր ստացել, բայց միևնույն է, մինչև վերջ ձգտում էր օգնել փրկարարներին։
Նա այդպես էլ չդարձավ ԽՍՀՄ հերոս, սակայն 2010-ի մայիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Արիության մեդալով։ Նրա անունով կոչվել է աստերոիդ (3027 Շավարշ), Շավարշ Կարապետյանի անունով սուզալողի համառուսական երիտասարդական մրցումներ են անցկացվում։ 2007 թվականի ապրիլի 24-ին Կարապետյանը հիմնել է «Շավարշ Կարապետյանի անվան բարեգործական հիմնադրամ», որը գործունեություն է ծավալում սպորտի ոլորտում։ UNESCO-ի կողմից պարգևատրվել է «Fair Play»-ի համար շքանշանով, որը տրվում է սպորտում կատարած սխրանքների համար, չնայած որ Կարապետյանի սխրանքը սպորտային չէր։
Կարապետյանն ունի երեք երեխա` երկու դուստր և մեկ որդի։ 1993 թվականից Շավարշ Կարապետյանը ընտանիքի հետ ապրում և աշխատում է Մոսկվայում։ Նա ունի կոշիկի վերանորոգման փոքր արհեսատնոց, որը կոչվում է «Երկրորդ շունչ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր