Գլենդելի քաղաքային խորհուրդը հունիսի 12-ին բանաձև է ընդունել՝ Մերիլանդի, Վիլսոնի և Հարվարդի փողոցները հատող հատվածն «Արցախ»-ով անվանափոխելու մասին: Նախաձեռնության մասին ամիսներ առաջ հայտնել էր Ամերիկայի հայ դատի գրասենյակի արևմտյան թևը: Ըստ Armenianweekly-ի՝ բանաձևի ընդունման հարցում իր աջակցությունն է ցուցաբերել ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը: Քաղաքային խորհրդի շենքի մոտ ելույթով հանդես եկած Մարգարիտա Բաղդասարյանը նշել է, որ Արցախ անունն ունի պատմական և մշակութային նշանակություն հայ-ամերիկյան համայնքի համար և ծառայելու է որպես միջոց Գլենդելի բնակչությանն իրազեկելու հարցում, քանի որ նրանք հետաքրքրված են Արցախի Հանրապետության և Արցախյան ազատագրական շարժման պատմությունով: Նրա խոսքով՝ անվանափոխությունը գրավելու է զբոսաշրջիկների ուշադրությունը հատկապես այն բանի համար, որ փողոցը գտնվում է բանուկ հատվածում: |