Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է թուրքական դատարանի այն որոշմանը, որով երկարաձգվել էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման ժամկետը։ Ամերիկացի հոգևորականը մեղադրվում է լրտեսության և Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապեր ունենալու համար, գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Դատարանի որոշման մասին Փայլանը Twitter միկրոբլոգի իր էջում գրել է. «Ասվում էր, թե մի հոգևորականին տուր, մյուսին վերցու: Բայց դե Բրանսոնը, ով Էրդողանի խոստովանությամբ պատանդ է պահվում, այդպես էլ ազատ չարձակվեց։ Էրդողանը, ով կարծել է, թե Դենիզ Յուջելի (Թուրքիայում կալանավորված գերմանացի լրագրող) միջոցով ծնկի բերեց Գերմանիային, շարունակում է պատանդ պահելու իր քաղաքականությունը։ Մենք պետք է ամոթ զգանք, որ նախագահական պալատը հոգևորականին օգտագործում է կեղտոտ գործարքների մեջ»: |