ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ֆրեզնոյի պետական համալսարանում ուսանողները Հայաստանի պատմություն են սովորում
03:05, 14.10.2018 | mamul.am
3548 | 0

Ֆրեզնոյի պետական համալսարանը հայտնի է Միացյալ Նահանգներում իր աստղագիտության և գինեգործության ուսումնասիրություններով ու խաղողի այգիներով, որտեղ ուսանողների պատրաստված գինիները վերջին երկու տասնամյակներին շուրջ 300 մրցանակ են ստացել: Հայերի համար Ֆրեզնոյի պետական համալսարանը հայտնի է համալսարանի սրտում կանգնեցված Հայոց ցեղասպանության հուշարձանով ու հայագիտության ամբիոնով: Ամբիոնի ղեկավար Բարլո Դեր Մկրտչյանի խոսքով, հայագիտության նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը բարձր է.

«Մեր կենտրոնը դասավանդում է զանազան առարկաներ. Հայերեն լեզվի ու պատմության, արվեստի, գրականության դասեր: Պետք է ասեմ, բավականին շատ է մեր գործը, քանի որ շատ ուսանողներ կան»:

Համալսարանի 24,000 ուսանողներից շուրջ 500-ը հայ են, նշում է Դեր Մկրտչյանն՝ ավելացնելով, որ հայագիտություն ուսումնասիրում են ոչ միայն հայազգի ուսանողներ.

«Նաև ունենք կրթաթոշակներ ուսանողների համար, որպեսզի օգնենք իրենց կրթություն ստանալ»:

Ֆրեզնոյի պետական համալսարանը միակն է, որի կենտրոնում կառուցված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան.

«Ամեն օրը ուսանողները քայլում են, անցնում և սովորում Հայոց ցեղասպանության մասին»:

Հուշարձանի սյուներից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունի: Առաջինը՝ այժմյան Հայաստանն է, հաջորդը՝ խորհրդանշում է պատմական շրջանները, որտեղ 1915-ին տեղի են ունեցել հայկական ջարդերը: Վերջին սյունը խորհրդանշում է Սփյուռքը:

Հավերժության նշանի տակ պատմական ու ժամանակակից Հայաստանից բերված հող է լցված, այնպես որ, այստեղ կանգնող յուրաքանչյուրը կարող է իրեն Հայաստանի հողի վրա զգալ: Հայաստանից է բերվել նաեւ հուշարձանի առջև տնկած նռան ծառը:

Հուշարձանի քարերին պատկերված են Հայոց պատմության կարևորագույն դրվագները՝ Տիգրան Մեծից մինչեւ Մաշտոց: Նարեկացի, Էջմիածին, Աղթամար, Անի, Կիլիկիո թագավորություն՝ պատմության բոլոր էջերն այստեղ են, Ֆրեզնոյի պետական համալսարանի սրտում. այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր