Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.09, EUR 554.26, RUB 7.37, GBP 624.17
+1 °C, +1 °C ... +10 °C Vaghy:+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ինչո՞ւ հենց Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ». Նիկոլ Փաշինյան
19:10, 19.10.2018

Կապանում ելույթ ունենալով քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի նախընտրական քարոզարշավին՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ ընտրելու դրդապատճառներին: «Երբ ես 2017-ին իմ թեկնածությունն էի դնում Երևանի քաղաքապետի ընտրություններում, ասում էին՝ բայց ինքը Երևանցի չի: Տեղային հայրենասիրությունն ամենավտանգավոր բանն է, որ մենք կարող ենք ունենալ: Ես բազմիցս ասել եմ, որ ես իջևանցի եմ այնքան, որքան երևանցի, կապանցի, արարատցի, վանաձորցի և այլն:

Այդ թեման կրկին շահարկում են, թե ինչու Սյունիքի մարզպետը սյունեցի չէ: Նախ, դա աննախադեպ չէ, և եթե մենք ընդունում ենք, որ Երևանի քաղաքապետը կարող է լինել ոչ Երևանում ծնված, ուրեմն պետք է ընդունենք Սյունիքի պարագայում: Սյունիքը ոչ պակաս կարևոր է, քան Երևանը, որովհետև եթե Երևանը Հայաստանի ու ողջ հայութան գլուխն է, ապա Սյունիքը ողջ Հայաստանի, հայության, անգամ Արցախի ողնաշարն է: Սյունիքով է անցնում ՀՀ-ն Իրանի-ի հետ կապող միակ ճանապարհը: Որը որոշ մարդիկ 5 հոգով փորձել էին փակել: Իմիջիայլոց, մենք ունենք 2 բաց սահման՝ Վրաստանի և Իրանի հետ: Վրաստանի հետ 3 ճանապարհ ունենք 3 մարզով՝ Շիրակի, Լոռու ու Տավուշի: Իրանի հետ միակ ճանապարհը Սյունիքով անցնող ճանապարհն է: Սա մեկ պատճառ՝ ստրատեգիական նշանակությունը պատկերացնելու համար:

Երկրորդ պատճառը. ցավոք սրտի, և այդ երևույթն անձամբ ինձ շատ-շատ անհանգստացնում է, և ինձ շատ անհանգստացնում է դրա հետագա ծավալումը, եթե մենք դա չկանխենք: Ցավոք սրտի, Սյունիքով շատ հաճախ արձանագրվում է թմրամիջոցների շատ մեծ ներհոսք Հայաստան: Դրա մի մասը դուրս է գալիս Հայաստանից՝ վտանգելով մեր երկրի հեղինակությունը, մի մասն էլ մնում է Հայաստանում՝ վտանգելով մեր երիտասարդությանը: Ինձ համար կարևոր խնդիր է՝ ջարդել այդ նարկոթրաֆիքի ողնաշարը: Այսօր էլ Կապանում, զբոսանքի ժամանակ, մոտանում են և ասում, որ այստեղ փորձ է արվում վերականգնել օլիգարխիական հին տրամաբանությունը: Այստեղ բավականին ծանրակշիռ է կրիմինալի ազդեցությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ ազատագրված Հայաստանի ողնաշարում այսպիսի երևույթները զարգանան:

Երբ մտածել եմ Սյունիքի մարզպետի թեկնածուի մասին, հասկացել եմ, որ այդ մարդը պետք է լինի զինվորական բարձրագուն կոչում ունեցող մարդ, որ կարողանա ոտքերի վրա պինդ կանգնել ու պետք եղած դեպքում ձեռքը խփել սեղանին: Այո, ես կանգ եմ առել Հունան Պողոսյանի թեկնածության վրա:

Նրա հետ վերջին անգամ մենք առնչվել ենք փշալարերից այն կողմ: Հունան Պողոսյանն ինձ մեքենա նստեցրեց, ուղարկեց հիվանդանոց:

Ասում են՝ Հունան Պողոսյանը բարձր պաշտոնի ոստիկան էր բարիկադի այն կողմում: Այդ նույն բաները ասում էին, երբ որ ես ՀՀ ոստիկանության պետ նշանակեցի Վալերի Օսիպյանին: Բայց հոկտեմբերի 2-ին, երբ ԱԺ-ից երթ էինք անում, քաղաքացիները վանկարկում էին՝ Օսիպյան, Օսիպյան: Նույնը՝ Վանեցյանի պարագայում»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը: Ապա նա դիմեց Սյունիքի նորանշանակ մարզպետին, ով նույնպես ներկա էր հանրահավաքին. «Պարոʹն Պողոսյան, ես հույս ունեմ, որ երբ հաջորդ անգամ գամ, մարդիկ ձեզ նույն ձև կողջունեն Սյունիքում, դուք պարտավոր եք ծառայել ժողովրդին»:

«Ինչո՞ւ հենց Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ». Նիկոլ Փաշինյան
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր