ԱՀ Ոստիկանության և «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից իրականացված նախնական ուսումնասիրության համաձայն` հունվարի 8-ին Շուշի քաղաքի Հախումյան 1/11 հասցեում տեղի ունեցած մահվան ելքով շմոլ գազից թունավորման դեպքի պատճառ է հանդիսացել անսարք ջրատաքացուցիչը: «Արցախգազ» ընկերության մամլո ծառայության փոխանցմամբ՝ համաձայն Շուշիի արտադրաշահագործման տեղամասից ստացված տեղեկատվության` 2017 թվականի մայիսի 25-ին անսարքության պատճառով վերոնշյալ բնակարանի ջրատաքացուցիչի գազամատակարարումը դադարեցվել և կնքվել է: Գազասարքի անսարք լինելու հանգամանքը ակտավորվել և գրանցվել է տեղամասային գրանցամատյանում: Տվյալ բնակարանում երկար ժամանակ տերերը չեն բնակվել, դուռը փակ է եղել, հետևաբար տեղամասի ներտնային ցանցը սպասարկող փականագործը հնարավորություն չի ունեցել իրականացնել տեխնիկական սպասարկում: |