ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ֆուտբոլային տարբեր մշակույթներում մեծանալը տարբեր ընկալումներ և մտահորիզոն է ձևավորում»․ Նազարեթյան
01:20, 20.04.2019 | mamul.am
2529 | 0

Եվրոպայի Մ-19 առաջնությանն ընդառաջ ՀՖՖ-ն զրուցել է Մարսելի «Օլիմպիկ»-ի մինչև 19 տարեկանների թիմի դարպասապահ Մանուել Նազարեթյանն այսօր համալրել է Հայաստանի Մ-19 հավաքականի շարքերը: Նազարեթյանը պատմել է իր անցած ճանապարհի, հայերենի իմացության և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը Հայաստանում անցկացնելու մասին.

-Ի՞նչ կպատմեք Ձեր մասին:

-Ֆուտբոլային ճանապարհս սկսել եմ Մարսելի «Օլիմպիկ»-ում: Մինչև դարպասապահի դիրքում հայտնվելը մի քանի տարի խաղացել եմ հարձակվողի և պաշտպանի դիրքերում: «Օլիմպիկ»-ում ընդգրվելու միջոցով միջազգային անգնահատելի փորձ եմ ձեռք բերել: Վայելում եմ ֆուտբոլն իմ սիրելի ակումբում: Անցած տարվանից «Օլիմպիկ»-ի Մ-19 թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ եմ: 18 տարեկանս կլրանա հուլիսի 1-ին: Հայաստանի հավաքական ժամանել եմ մեծ պատասխանատվությամբ: Այստեղ ջերմորեն ընդունեցին: Մարզիչները, ֆուտբոլիստներն ու անձնակազմն ամեն կերպ օգնում են:

-Հայերեն բառեր սերտե՞լ եք:

-Դաշտում փորձում էի հուշել հայերեն. օրինակ, երբ մարզումային խաղի ժամանակ պաշտպանները գնդակ էին ստանում, նրանց հուշում էի, որ մենակ են: Դեռ առաջին մարզումն էր. ժամանակ կունենամ: Հայերեն նաև բարևում եմ, բարի ախորժակ եմ մաղթում, տղաների որպիսությամբ եմ հետաքրքրվում:

-Եվրոպայի առաջնությունն ընդունելու է Հայաստանը: Այս մասով ի՞նչ կասեք:

-Մեծ ոգևորությամբ ենք սպասում խոշոր իրադարձությանը: Ֆրանսիայից ժամանած տղաներով շատ ենք ցանկանում Հայաստանը ներկայացնել այդ մրցաշարում: Դա լուրջ հնարավորություն է բոլորիս համար: Մեր պոտենցիալ մրցակից Ֆրանսիայի հավաքականի մի շարք խաղացողների մասին պատմելու բան ունեմ համերկրացիներիս: Իմ տեղեկությամբ պետք է կիսվեմ հավաքականի հետ:

-Մարսելի «Օլիմպիկ»-ից Դուք և Թոմ Բանդիկյանը ինչպիսի՞ նորույթ կարող եք բերել հավաքական:

-Ֆուտբոլային տարբեր մշակույթներում մեծանալը նաև տարբեր ընկալումներ և մտահորիզոն է ձևավորում: Ուստի, պետք է փորձեմ իմ յուրացրածը փոխանցել հավաքականի մյուս անդամներին, նրանց իմացությամբ էլ ինքս հետաքրքրվեմ, նորը ուսումնասիրեմ: «Օլիմպիկ»-ում փոքրուց սովորեցնում են դժվար պայքարի, երբեք չհանձնվելուն: Ակումբի կարգախոսի և օրհներգի բառերը հիմնվում են հաղթանակի գաղափարի վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր