Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.74, EUR 535.47, RUB 7.60, GBP 593.49
+29 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+35 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ո՛ւր էլ լինեմ, ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա». Սիլվա Կապուտիկյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
22:35, 14.05.2019

2004 թվականի ապրիլի լույս 13-ի գիշերվա դեպքերից հետո, երբ իրավապահները աննախադեպ դաժանությամբ ցրեցին ընդդիմադիրների խաղաղ ցույցը Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մատույցներում, անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը հայտարարեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը վերադարձնելու մասին: Գրում է «Հայկական ժամանակ»-ը: Կապուտիկյանը շքանշանը ստացել էր 1998 թվականին:
Արձագանքելով նրան՝ Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Ուղղակի ափսոսանք եմ հայտնում: Եթե ինքը չլիներ ավելի կոշտ պատասխան կտայի»:

«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը վերադարձնելու հետ մեկտեղ Սիլվա Կապուտիկյանը Քոչարյանին էր ուղարկել նաև այդ օրերին գրած իր այս բանաստեղծությունը.

Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում,
Եվ իմ չմեռնելը տևելու է երկար,
Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում,
Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա:

Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար,
Առաջնորդներ չնչին ու կեսկատար,
Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար,
Դուք եղծությամբ, ստով հասաք կատար:

Մտքի ընտրյալներին դուք դարձրիք ծառա
Ու դարձրիք պատանդ, հլու ընտրազանգված,
Մի պարկ փուտ ալյուրով մարդկանց խիղճը առաք,
Դուք` փչացած վաղուց` փչացրեցիք նրանց:

Ու լլկեցիք հոգին ու փշրեցիք նորից
88-ի հրաշք ժողովրդին.
Ստիպեցիք լքել հայրենիքը, որին
Արյուն էին տվել, կյանք ու որդի:

Իսկ նա, որ ստրուկին ճզմեց իր մեջ, ելա՛վ,
Հանուն պատվի, պարտքի եկավ հրապարակ,
Զորքով, փշալարով շուրջկալեցիք նրան
Ու ջանացիք ջարդել ոտքերի տակ…

Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն,
Ցեխերի մեջ ընկած մագաղաթյա մատյան,
Կախաղանի սյունից կախված անկախություն,
Մեր լույս երազների խավարակուռ պատյան:

Ես ի՞նչ, ի՞նչ խոսքերով նզովք կարդամ ու սաստ,
Ձեզ, որ խուժդուժ կարգերն այս երկնեցիք,
Ուր դուք դարձաք հեծյալ, ժողովուրդը` գրաստ,
Օտարի դուռն ընկած մի մուրացիկ:

Եվ ես հայ բանաստեղծ, ի՞նչ սև բախտի հասա,
Որ նզովքի խոսք եմ ասում… հային.
Հզոր ճախրից հետո այս անկումը տեսա
Եվ ապրեցի օրերն այս դիվային:

Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն ու ես չեմ էլ մեռնում,
Իսկ թե - անեծք վերին - մնաք ինձնից երկար,
Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում,
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա…

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր