Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.18, EUR 534.18, RUB 7.56, GBP 593.70
+35 °C, +24 °C ... +36 °C Վաղը`+36 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Օրակարգի բոլոր հարցերն ուղղված են ֆուտբոլի զարգացմանը»․ Արթուր Վանեցյան
13:30, 26.06.2019

Այսօր ՀՖՖ-ի գրասենյակում տեղի է ունենում ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովը։ Ընդմիջան ընթացքում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

Օրակարգի շուրջ

«Օրակարգի բոլոր հարցերն էլ կարևոր են։ Բոլոր հարցերն ուղղված են ֆուտբոլի զարգացմանը։ Արդեն կան որոշակի դրական արդյունքներ մեր ֆուտբոլում և, կարծում եմ, հետևողական աշխատանքի դեպքում, մեր ձեռքբերումները շարունակվելու են»։

Ազգային մարզադաշտի շուրջ

«Ազգային մարզադաշտի վերաբերյալ մշտական աշխատանքներ են տարվում, շատ եմ կարևորում դա։ Լավ պատկերացնում ենք, որ դա հսկայական միջոցների ներդրում է և պետությունը չի կարող մասնակցություն ունենալ այդ գործում։ Այն պետք է կառուցվի մասնավոր ներդրողի կողմից։ Այսօր բանակցությունները շարունակվում են։ Կարծում եմ առաջիկայում կունենանք դրական արդյունք։ Մարզադաշտը կկառուցվի Երևանին մոտ գտնվող մարզում։ Հիմնական խնդիրն այն է, որ Երևանը խիտ կառուցապատված է»։

Նոր ձևաչափի շուրջ, երբ վերջին տեղը զբաղեցրած թիմը տեղափոխվում է Առաջին լիգա

«Այդ քայլով փորձում ենք բարձրացնել մրցակցությունը։ Մինչ այս թիմն ընդգրկվում է Բարձրագույն լիգայում ու կարևոր չէ՝ ինչպես հանդես կգա։ Այժմ այն թիմը, որը կզբաղեցնի վերջին տեղը, կանցնի Առաջին լիգա, իսկ Առաջին լիգայի առաջին տեղը զբաղեցրած թիմը՝ Բարձրագույն լիգա»։

Մասսայական ֆուտբոլի շուրջ

«Պետք է ուշադրություն դարձնենք մասսայական ֆուտբոլի զարգացմանը։ Մեր նպատակն այն է, որ ֆուտբոլ խաղան հնարավորինս շատ մարդիկ։ Մենք կառուցելու ենք մարզերում շուրջ 76 փոքր դաշտեր, որոնք նվիրելու ենք համայնքներին։ Դա հսկայական աշխատանք է, որը կատարելու է ՀՖՖ-ն։ Կարծում եմ՝ այդ քայլով կկարողանանք օգնել մարզերում ապրող երեխաներին՝ զբաղվել ֆուտբոլով»։

Մրցավարության հետ կապված խնդիրների շուրջ

«Արդեն իսկ սկսել ենք մրցավարների վերապատրաստումը արտերկրում։ Գաղտնիք բացեմ՝ բանակցություններ ենք վարում հայտնի մրցավարների հետ՝ փորձելով նրանց հրավիրել Հայաստան, որպեսզի նրանք ընդգրկվեն մրցավարական կոմիտեում։ Այդ քայլերն արագ արվելու են, որպեսզի եկող մրցաշրջանում մրցավարներից բողոքները պակասեն»։

Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու շուրջ

«ՀՖՖ-ն հսկայական միջոցներ է ծախսում Բարձրագույն խմբի առաջնության կազմակերպման վրա, սակայն մշտապես դժգոհություններ ենք ունենում ֆուտբոլային ակումբների սեփականատերերից։ Աշխարհում ընդունված է պրոֆեսիոնալ լիգա ունենալը։ Կոչ եմ անում ակումբների սեփականատերերին սկսել այդ հարցի շուրջ քննարկումները»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր