Բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սևանա լճի մասով գործադիր մարմնի կառավարման գործընթացները և գործառույթները հեռու են բովանդակային լինելուց ու իմիտացիոն բնույթ են կրում: Նախկինների մասով ամեն ինչ պարզ է, բայց դուք «զլացաք» իրավական գնահատական տալ նրանց «արած» ու «չարած»-ներին, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում «մեծ ոգևորությամբ» չասեմ գիտակցաբար, շարունակեցիք նախկին կառավարման համակարգի իներցիաները: Կրկնվեմ, անցած տարվա ամռանը Սևանի վիճակից ելնելով՝ պետական լիազորված մարմինը պետք է ահազանգեր և մեր կողմից բարձրացված խնդիրները ներկայացներ կառավարությունում: Խնդիրները պետք է քննարկվեին անվտանգության խորհուրդում, բայց, ցավոք սրտի, ավելի շատ զբաղված էին 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի ընդունելով, նախարարության անվանափոխման, նախարարության «լոգոյի», էլեկտրամոբիլների և այլ «հետաքրքիր» հարցերով... Բացասական եմ գնահատում «թարմացված» պետական կառավարման համակարգի վերջին մեկ տարվա «վերաբերմունքը» Սևանի հանդեպ: Չնայած մեր գնահատականը ի՞նչ, Սևանը ինքը տվեց ձեր գնահատականը: Հ.Գ. ուշադրություն, կոպիտ սխալների շարքը շարունակում եք... Հա, սկզբի համար մի փոքր հուշում. շրջակա միջավայրի նախարարությունը կառավարություն է ներկայացրել Սևանի ափամերձ տարածքներ մաքրման նոր «առաջարկներ»: 2017 թվականին ընթացքում ծովի մակերևույթից բարձրության նիշերի հաստատված «քարտեզները» համադրվեցին օրթոֆոտոների (2014թ.) հետ, արդյունքում պարզվեց, որ նիշերը սխալ են «գծվել»: Իսկ դա նշանակում է, որ ջրի տակ մնացող բոլոր օբյեկտների, ենթակառուցվածքի մասով իրական պատկեր հնարավոր չի լինի ունենալ... Առաջարկ շրջակա միջավայրի նախարարությանը. մինչև տեղեկատվության օգտագործելը այն ենթակա է ստուգման, դե նախկին իշխանությունների ժամանակ էր մշակվել, Շարունակելի...»: |