ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+25 °C
«Եթե սա լիներ իմ լինել-չլինելու խնդիրը, վստահեցնում եմ՝ շատ վաղուց այդ պաշտոնը թողած կլինեի». Հրայր Թովմասյան
22:20, 02.10.2019 | mamul.am
7399 | 3

Այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդման եթերում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ասել է, որ իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլի» նախաձեռնությունն, իր կարծիքով, քաղաքական է:

«Այս պրոցեսը հետապնդում է մեկ նպատակ. քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել Սահմանադրական դատարանը՝ որպես արգելապատնեշ, որպես խոչընդոտ, որպես մի մարմին, որը կարող է քաղաքական որոշումներին ասել՝ ստոպ, որովհետև այն հակասում է սահմանադրությանը»,-ասել է Հրայր Թովմասյանը:

Անդրադառնալով «Իմ քայլի» փաստարկներին, թե ինքը քաղաքական կապեր ունի, նախկինում զբաղվել է քաղաքականությամբ, ՍԴ նախագահը նշել է. «Չկա որևէ արգելք, որ անձը երբևէ զբաղվել է քաղաքական գործունեությամբ, չի կարող դառնալ ՍԴ-ի անդամ»։

«Իմ քայլի» մեկ այլ փաստարկ, թե Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն իր սանիկն է, և ինքը կարող է կաշկանդված լինել այդ կապով, Թովմասանի խոսքով՝ աբսուրդի ժանրից է:

«Ձեզ վստահեցնում եմ՝ իմ կյանքում երբեք ձեռքով չեմ բարևել Ռոբերտ Քոչարյանին, երբեք մի սենյակում մենք միաժամանակ չենք գտնվել»,- ասաց նա։

Հրայր Թովմասյանը նաև հերքեց իշխանության շրջանառած կասկածները, թե Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը գրվել է ՍԴ-ից դուրս:

«Իշխանությունը մտավախություն ունի, թե այնտեղից ինչ կարծիք է գալու: Վախենում եք, որ ձեր քաղաքական որոշումների դեմ կարծի՞ք է գալու»,- եթերի ընթացքում ասել է Թովմասյանը:

Նա նշել է նաև, որ իր վրա ճնշումների փորձեր եղել են՝ հայտարարելով, սակայն, որ չի պատրաստվում փողոցային արդարադատություն իրականացնել:

«ՍԴ-ն արգելակման վերջին համակարգն է: Սա ընդամենը Հրայր Թովմասյանի լինել-չլինելու խնդիր չէ, եթե սա լիներ իմ լինել-չլինելու խնդիրը, վստահեցնում եմ՝ շատ վաղուց այդ պաշտոնը թողած կլինեի: Ինձ համար սա սահմանագիծ է, մեր սահմանի՝ ինձ վստահված տարածքն է ՍԴ-ն: Մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը, ճնշվելը դավաճանության են հավասար: Այսօր մեր սահմանին ինձ վստահված տարածքն է ՍԴ-ն։ Ինձ համար այդ սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, ինչ-որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին կանգնած մեր զինվորը»,- հայտարարել է ՍԴ նախագահը:

«Եթե սա լիներ իմ լինել-չլինելու խնդիրը, վստահեցնում եմ՝ շատ վաղուց այդ պաշտոնը թողած կլինեի». Հրայր Թովմասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր