Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.51, EUR 533.90, RUB 7.66, GBP 640.53
+6 °C, +1 °C ... +6 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Անիի ավերակներում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ
01:20, 10.10.2019

«Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» և «քառասուն դարպասների քաղաք» անվանումներով հայտնի՝ Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում վերջին շրջանում մեծ թափ են ստացել պեղումները:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ սեպտեմբերի 23-ից սկսվել են Անիի ավերակների պեղումները, որոնք համակարգում է Կարսի թանգարանը և Կովկասի համալսարանի արվեստաբանության ամբիոնի վարիչ Մուհամմեթ Արսլանը: Պեղումներին մասնակցում են հնագետներ, ճարտարապետներ և մարդաբաններ:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, պեղումները համակարգող Մուհամմեթ Արսլանը նշել է, որ աշխատանքներն իրականացվելու են 3 փուլով: Այս ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ: Անհրաժեշտ ուսումնասիրությունից հետո հնարավոր է դրանք ցուցադրվեն:

Կարսի նահանգապետ Թուրքեր Օքսյուզը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ Անիի ավերակների պեղումները արդեն 120 տարի է, ինչ կատարվում են: Օքսյուզի փոխանցմամբ` իրենց նպատակն է ևս մեկ անգամ բացահայտել Անիի թե՛ պատմական և թե՛ մշակութային արժեքը:

Միջանկյալ նշենք, որ Անիի ավերակներում 1904թ. պեղումներ է իրականացրել անվանի հայագետ Նիկողայոս Մառը, որի հայտնաբերած հնագիտական գտածոներով հետագայում թանգարան բացվեց: Մինչ այդ քաղաքը գրեթե չէր պեղվել:

Կարսի նահանգապետը հայտնել է նաև, որ 2017թ. Անի է այցելել շուրջ 60.000 զբոսաշրջիկ, իսկ 2018-ին` 95.000 զբոսաշրջիկ: Հույս ունեն, որ այս տարի այցելուների ավելի մեծ թիվ են արձանագրելու:

Հիշեցնենք, որ Անիի ավերակները 2012թ․ ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ժամանակավոր ցանկում, իսկ 2016թ․ հուլիսի 15-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

Անիի ավերակներում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ
Անիի ավերակներում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր