«Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածը` «2020թ․ հունվարի 1-ից թանկացող ապրանքատեսակների ցանկը» թեմայով: «2020թ․ հունվարի 1-ից թանկացող ապրանքատեսակների ցանկը Հայաստանը 2015 թվականից հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, և այլ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքների համար 2015թ․ հունվարի 1-ից Հայաստանում գործում են ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը։ Չնայած նրան, որ Հայաստանը բանակցությունների արդյունքում իրավունք էր ստացել աստիճանաբար համապատասխանեցնել նախկին դրույքաչափերը ԵԱՏՄ ստանդարտներին, այնուամենայնիվ, բազմաթիվ ապրանքատեսակների մաքսատուրքեր արդեն իսկ բարձրացել են։ Իսկ ահա 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատեսակների վրա սկսում են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ։ Գյուղատնտեսության ոլորտը ևս զերծ չի մնա թանկացումներից։ Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների կերերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծման համար ներմուծողները սահմանին կվճարեն 3-4 տոկոսով ավել, իսկ պարարտանյութեր ներմուծողները՝ 2.5-4 տոկոսով ավել։ Մանկական սննդի, խմորիչների, ինչպես նաև ծխախոտային հիմքով ապրանքների մաքսային դրույքաչափերը կավելանան 2-3 տոկոսով։ Մաքսատուրքերի ավելացումը հարված է հասցնելու նաև առողջապահության ոլորտին։ Ներմուծված դեղագործական արտադրանքը, դեղամիջոցներն ու անտիբիոտիկները թանկանալու են 2-4 տոկոսով։ Նույն չափով ավելանալու են նաև դեղերի ստեղծման համար անհրաժեշտ քիմիական նյութերի, միացությունների, օքսիդների մաքսային դրույքաչափերը, ինչը նվազեցնելու է հայրենական դեղագործության մրցունակությունը։ Տեքստիլ արդյունաբերությունը ևս չի խուսափի թանկացումների այս շղթայից։ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից կտորեղենի, գործվածքների, մանածագործական իրերի ներմուծման համար գործող մաքսային դրույքաչափերը բարձրանալու են 4-6 տոկոսով։ 3 տոկոսով ավելանալու են չմշակված կաշվի, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի, պղնձի, պղնձյա իրերի մաքսատուրքերը, իսկ ալյումինի և ալյումինե արտադրատեսակների մաքսային դրույքաչափերը ավելանալու են 6-9 տոկոսով։ Թանկացումներ են սպասվում նաև շինարարության ոլորտում։ 3 տոկոսով ավելանալու են շինանյութի (ավազ, կավիճ, գիպս և այլն), ցեմենտի և դրա հավելումների մաքսային դրույքաչափերը։ Բացի սա, ԵԱՏՄ անդամ երկիր չհանդիսացող երկրներից ներմուծման դեպքում ավելանալու են հետևյալ ապրանքների մաքսատուրքերը․ ներկեր ու լաքեր՝ 2 տոկոս, հիգիենայի պարագաներ, լվացող միջոցներ՝ 2 տոկոս, փայտ, փայտից պատրաստված իրեր՝ 2-8 տոկոս, կերամիկա, մետաղակերամիկա՝ 2-5 տոկոս, ապակի, ապակե արտադրատեսակներ՝ 5-6 տոկոս, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, բիժուտերիա՝ 6 տոկոս, ջեռուցման կաթսաներ, տուրբիններ, սառնարաններ, սառցարաններ՝ 6-9 տոկոս, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ՝ 6 տոկոս։ |