«Ինչո՞ւ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես չի գալիս ավագանին, երբ օրենքով այդ ինստիտուտին նման լիազորություն տրվել է». հունվարի 21-ի նիստում ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանին դիմեց «Իմ քայլը» խմբակցությունից Գայանե Աբրահամյանը՝ Երևանի քաղաքապետարանին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման գործընթացի օրինականությունը ստուգելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ: Ա. Սամսոնյանն ասաց, որ Երևանի ավագանին չունի անհրաժեշտ կարողություններ և կամք՝ լիարժեք վերահսկողություն իրականացնելու քաղաքապետի գործունեության վրա: Ավագանին չունի պատշաճ մակարդակ՝ քննարկելու այն հարցերը, որոնք վերաբերում են կոռուպցիային: «Ես բարձր կարծիք չունեմ Երևանի ավագանու մասին, և այս հարցը վստահել Երևանի ավագանու կամքին կամ ցանկությանը, չեմ պատրաստվում»,- նշեց Ա. Սամսոնյանը: Գ. Աբրահամյանը նկատեց, թե փաստորեն ԼՀԿ-ն «Լույս» խմբակցությանը չի վստահում: Ա. Սամսոնյանն էլ իր հերթին նկատեց, որ ինքը լիովին վստահում է «Լույս» խմբակցությանը, և այլոց էլ վստահելու կոչ է անում, որովհետև եթե այն չլիներ, չէինք իմանալու քաղաքապետարանի գործարքների մասին: Նա իր գործընկերոջը խորհուրդ տվեց ընդունել, որ քաղաքապետարանը թափանցիկ չի եղել: «Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը բացի ֆեյսբուքյան ստատուսներից ուրիշ բան գրելու ունակ չէ: Ես վստահում եմ «Իմ քայլի» խորհրդարանական խմբակցությանը, բայց չեմ վստահում «Իմ քայլի» ավագանու խմբակցությանը»,- հայտարարեց Անի Սամսոնյանը: Նույնաբովանդակ էր «Իմ քայլը» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանի դիտարկումը, թե հանձնաժողովի ստեղծմամբ խորհրդարանը մխրճվելու է ՏԻՄ լիազորությունների մեջ: Դրան ի պատասխան Ա. Սամսոնյանը նկատեց. «Եթե դուք պնդում եք, որ մխրճվում ենք ՏԻՄ տիրույթ, ապա լավ կլինի, որ գնահատական տաք նրան, որ անցյալ տարի վարչապետի վերահսկողական ծառայությունը գնացել էր և մտել էր համայնքներ և ստուգումներ էր անում: ՊՎԾ-ն չունի համայնքներ մտնելու և ստուգումներ կիրառելու գործառույթ»: ԼՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ փորձագիտական եզրակացությամբ նախագիծը սահմանադրական է ճանաչվել: Ա. Սամսոնյանը նշեց՝ կա կասկած, որ համայնքին գույք նվիրելու գործելակերպը կարող է անհավասար պայմաններ ստեղծել տնտեսվարող սուբյեկտների միջև: Հիշեցնենք, որ տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից քաղաքապետարանին կմունալ տեխնիկա նվիրելը մեծ աղմուկ հանեց: Նշվում էր, որ նվիրատվության դիմաց տնտեսվարողները շինթույլտվություններ կամ ինքնակամ շինությունների օրինականացման որոշումներ էին ստացել: Նվիրատուների մեջ էր նաև Սամվել Ալեքսանյանը: |