Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոռացված պատմություն. 100 տարի առաջ այս օրը` 1920թ. հունվարի 23-ին, մայրաքաղաք Երևանում հույժ կարևոր լուր է ստացվում այն մասին, որ նոր կազմավորված Ազգային լիգայի Գերագույն խորհուրդը Փարիզի վեհաժողովում՝ Եվրոպայի մեր դաշնակիցներ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդությամբ պաշտոնապես ճանաչել են Հայաստանի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան երկիր: Ներկայացնենք «Յառաջ» թերթի 1920թ. հունվարի 24-ի խմբագրականը՝ երկրի համար այդ նշանավոր իրադարձության առթիվ. «Հայաստանի անկախության ճանաչումը Հեռագիրը հաղորդեց, որ Փարիզի Բարձրագույն խորհուրդը որոշել է Հայաստանի կառավարությունը փաստորեն ճանաչել իր ներկա սահմաններում: Պատմական այս խոշոր երևույթը մի հաղթանակ է այն արյունոտ պատմության, այն խիզախ կռվի, որ տարել է իր ուսերի վրա հայ ազատատենչ աշխատավորությունը: Քայլ առ քայլ հիմնավորվում է Հայաստանի Հանրապետության անկախությունը, քայլ առ քայլ իրականանում են նրա դարերի ձգտումներն ու տենչանքները: Այսօր մեր հանրապետությունը ճանաչվեց փաստորեն անկախ՝ ներկա սահմաններում, պետք է խորապես համոզված լինել, որ վաղվա օրը կճանաչվի և՛ փաստորեն, և՛ իրավապես Միացյալ և Անկախ Հայաստանը: Հայ բովանդակ ժողովուրդը պիտի տոնի պատմական այս տոնը նրա համար, որ նրա սերնդեսերունդ թափված արյունը հանուն ազատագրության ապարդյուն չի անցել: Մեր անկախությունը մի շնորհ չէ, որ տրվում է մեզ մեծ պետությունների կողմից, այլ արդյունք է այն անողոք պայքարի, որ մենք վարել ենք մեր դարավոր թշնամիների դեմ: Մեր անկախությունը հայ բզկտված աշխատավորության հաղթանակն է: Մեր հերոս բանակի, քրտնաջան բանվորության և աշխատավոր գյուղացիության գալիք մեծ տոնը, նրա կատարյալ հաղթանակի տոնը կլինի այն օրը, երբ մենք կստանանք Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանը մեր ցանկացած սահմաններում: Մենք դեռ սպասում ենք մեր տենչած այդ Միացյալ և Անկախ Հայաստանի փաստորեն և իրավապես ճանաչման մեծ տոնին»: Լուսանկարում՝ Հայաստանի պետական համալսարանի շենքը Երևանում»: |