Գիտնականները կոչ են անում առողջապահական հանրությանը՝ մի կողմ դնել քաղաքական նախընտրություններն ու ընդունել օր օրի ավելացող փաստերն առ այն, որ չծնված երեխաներն արդեն իսկ 12 շաբաթականից կարող են ցավ զգալ: Journal of Medical Ethics ամսագրի հոդվածում Սինգապուրի Ազգային համալսարանի պրոֆեսոր, ցավի մասնագետ Սթյուարթ Դերբիշիրը գրում է, որ ժամանակ է՝ այս հարցը լուրջ ուշադրության արժանացնել: Դերբիշիրն ու նրա հոդվածի համահեղինակ Ջոն Բոքմանը պնդում են, որ պտղի ուղեղն ու նյարդային համակարգը բավականին զարգացած են մինչև 24 շաբաթականը ցավ զգալու համար: Երկրների մեծ մասում աբորտը թույլատրված է մինչև 24 շաբաթականը: Գիտնականների նոր հետազոտությունները փաստում են, որ արդեն հղիության 12-րդ շաբաթից պտուղը զգում է ցավանման գրգիռներ, ինչը նշանակում է, որ նա միանշանակ տառապում է հղիության արհեստական ընդհատման ժամանակ: Նախկինում համարվում էր, թե գլխուղեղի կեղևը, որը պատասխանատու է զգայական տեղեկատվության համար, մինչև 24 շաբաթականը բավականաչափ զարգացած չէ ցավային ազդանշանները փոխանցելու համար: Այնինչ Սինգապուրի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ գլխուղեղի կեղևի վնասվածք ունեցող չափահասը զուրկ չէ ցավի զգացողությունից: Բժիշկներն ասում են, որ ժամանակն է վերջ դնել այս բարոյական անպատասխանատվությանն ու աբորտի անհրաժեշտության պարագայում ցավազրկում անել պտղին վիրահատությունից առաջ: |