ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի) Հայաստանի հարցով համազեկուցողներն իրենց խորն անհանգստությունն են հայտնել վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև ստեղծված լարվածության կապակցությամբ։ Հայտարարության մեջ ասվում է. «Մենք շատ անհանգստացած ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև ձևավորված լարվածության բարձր մակարդակից։ Վերահսկողությունն ու հակակշիռներն անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում։ Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ լիազորությունները պետք է գործեն օրենքի գերակայության համաձայն՝ ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ: Եթե նրանք չեն կարող համագործակցել՝ համաձայն այս սկզբունքների, ապա կարող են վնաս հասցնել միմյանց: Հետևաբար, մենք անհանգստացած ենք այն երկարաժամկետ վնասով, որը կարող է հասցվել դատական համակարգին աննախադեպ մակարդակի հասած լարվածությամբ: Կառավարությունն ու Հայաստանի խորհրդարանը մինչ այժմ հետևել են իրավիճակի լուծման իրավական ընթացակարգերին: Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում: Բացի այդ, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը: Ի վերջո, այս լարվածությունը չպետք է ստվերի Հայաստանում բարեփոխումների անհրաժեշտությունը, լինեն դրանք նախատսվող կամ արդեն սկսված, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Եվրոպայի Խորհրդի համար»: |