ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով որոշվեց. 1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: 2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: 3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումներն իրականացնել առանց սահմանափակումների` կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ: 4. Որևէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: 5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկություններն ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար: 6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք և հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»: |