«Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀԿ-ի ղեկավարը նշեց, որ փետրվարի 20-ին նամակ են ուղղել վարչապետին, իսկ վերջինը հանձնարարական է տվել Առողջապահության փոխնախարարին, որպեսզի հանդիպում ունենա իրենց հետ. «Հարցը վերաբերում էր ստոմատոլոգիայի ոլորտի խնդիրներին: Առողջապահության փոխնախարար Շավարշ Գրիգորյանն էմոցիոնալ ազդեցության տակ, ձեռքը խփեց սեղանին, որից հետո մենք դադարեցրինք քննարկումը: Անհարգալից, ոչ կոռեկտ վերաբերմունք. այլևս ոչ մի հարցով չմոտեցանք»,- նշեց ՀԿ ղեկավարը՝ տեղեկացնելով, որ դարձյալ դիմել են կառավարությանը, և դիմումը կրկին մակագրվել է այդ նույն կառույցին, որի հետ համագործակցություն չի ստացվում: «Ոչ մի հարցով համագործակցություն տեղի չի ունենում: Մենք այլևս չենք ուզում, որ այդ նամակը մակագրվի առողջապահության նախարարությանը, որտեղ անառողջ մթնոլորտ է: Նրանց հետ քննարկումը չի տանում բարեփոխումների: Մենք պահաջում ենք, որ համատեղ հանդիպում-քննարկում լինի, որպեսզի մեզ հուզող հարցերի մասով պարզաբանում ստանանք»,- ասացին ակցիայի մասնակիցները: |