Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 481.74, EUR 546.00, RUB 7.01, GBP 608.44
+24 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ԱԳՆ-ը՝ Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ
19:45, 03.04.2020

Դեռևս մարտի 23-ին Իսրայելում ՀՀ դեսպանության և ԱԳՆ-ի հետ կապ են հաստատել ՀՀ քաղաքացի 9 ուսանող, որոնք այդ ժամանակ դպրոցի փակման պատճառով ունեին կեցության և Հայաստան վերադառնալու խնդիրներ:

Վերջիններս տեղում ապահովվել են կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ինչպես նաև դեսպանության կողմից նրանց համար ձեռք էր բերվել դեպի Հայաստան ավիատոմս, ապահովվել տեղափոխումն օդանավակայան:

Սակայն չվերթների չեղարկման և Իսրայելի կառավարության կողմից նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող սահմանափակումների պատճառով հետաձգվել է մեր քաղաքացիների` Հայաստան վերադարձի իրականացումը:

«Դեսպանությունը մշտական կապի մեջ է ուսանողների հետ, և պարբերաբար քայլեր են ձեռնարկվում տեղում իրենց առջև ծառացող բոլոր խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ:

Ներկայումս արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրները բավականին համապարփակ են. ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, ԱԳՆ և պարետատունն ամբողջովին տիրապետում են ավելի քան 50 երկրում գտնվող մեր քաղաքացիների խնդիրների մասին տեղեկատվությանը: Արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շուրջօրյա և գերծանրաբեռնված ռեժիմով աշխատում են այդ խնդիրների հասցեագրած ուղղությամբ՝ տարբեր երկրների կողմից կիրառված և ամեն օր փոփոխվող սահմանափակումների պայմաններում:

Յուրաքանչյուր առանձին երկրի դեպքում աջակցության ձևը և ծավալը որոշվում է՝ հաշվի առնելով առողջապահական անվտանգության խնդիրները, առկա հնարավորությունները և կոնկրետ իրավիճակը:

Բոլոր շահագրգիռ անձանց կոչ ենք անում չտրվել այս կամ այն առանձին դեպքի շուրջ աժիոտաժ ստեղծելու և այն հատվածական շահերին ծառայեցնելու գայթակղությանը: Իրավիճակը պահանջում է քաղաքացիական պատասխանատվություն և լուրջ վերաբերմունք բոլորի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր