ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Մահափո՞րձ, թե՞ բեմադրություն. նոր հանգամանքներ Սուրիկ Խաչատրյանի գործով
22:05, 21.05.2020 | mamul.am
10751 | 0

Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով ստացվել է համալիր փորձաքննության եզրակացությունը, որով նոր հանգամանքներ են ի հայտ եկել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է գործով ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, կայացել է գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում այդ նոր հանգամանքներով պայմանավորված՝ իրենք մի քանի միջնորդություններ են ներկայացրել:
Ենթադրյալ դեպքը, հիշեցնենք, տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին անհայտ անձինք կրակոցներ էին արձակել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղած 3 անձանցից որևէ մեկը՝ Խաչատրյանը, նրա վարորդը և օգնականը, չէին տուժել, թեև կրակոցների մեծ մասը դիպել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեռևս այդ ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ՝ բեմադրություն: Դեպքից հետո ձերբակալվել, ապա կալանավորվել էին Արա Բուդաղյանը (մի քամի ամիս անց նա ազատ արձակվեց և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց), Հենրիկ Ավագյանը և Գարեն Աթաջանյանը: Հենրիկ Ավագյանին մեղադրանք էր առաջադրվել երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի, իսկ Գարեն Աթաջանյանին՝ նույն արարքների օժանդակության համար: Աթաջանյանը, սակայն, նախորդ տարի՝ դատարանում ցուցմունք տալիս, անակնկալ հայտարարություն էր արել՝ նշելով, որ տեղի ունեցածն իրականում ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակերպված բեմադրություն, որին մասնակցություն է ունեցել նաև Սերժ Սարգսյանը: Նման հայտարարություն արել էր նաև Գորիսի նախկին ոստիկանապետը՝ ասելով, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ մարզպետի դեմ հենց նրա գլխավորությամբ տեղի է ունեցել մահափորձի նմանակում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, չէր հաջողվել ձեռք բերել այդ տեղեկությունները հաստատող տվյալներ:

Հիշյալ փորձաքննությունը, որի եզրակացությունն ստացվել է մոտ մեկ ամիս առաջ, նշանակվել էր ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի միջնորդությամբ. Այս նոր եզրակացությունը, ըստ Հովհաննիսյանի, տրվել է այլ փորձագետի կողմից և էականորեն տարբերվում է նախաքննության ընթացքում ստացված պատասխաններից.

«Մասնավորապես, ամբողջ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները, որոնք հիմք են հանդիսացել նաև մեղադրանքի որոշման համար, խոսում են այն մասին, որ կրակոցներն արձակվել են մեքենայի շարժման ուղղությամբ ձախ մասից, անտառապատ տարածքից, բայց ավտոմեքենայի ոչ միայն ձախ մասում էին առկա գնդակային վնասվածքներ, կրակոցի հետքեր, այլև աջ մասում։ Իր նախնական փորձաքննությամբ փորձագետը չէր պատասխանել, թե աջ կողմում առկա կրակոցներն ինչպես կարող էին պատճառվել անտառապատ տարածքից, այսինքն՝ մեքենայի երկայնական ուղղությամբ ձախ հատվածից։ Մեր նոր եզրակացությամբ, սակայն, փորձագետը նշել է, որ մեր կողմից մատնանշված կրակոցներն արձակվել են մեքենայի աջ հատվածից, այս հանգամանքը ամբողջովին նոր հանգամանք է»: Պաշտպանի խոսքով՝ վարույթ իրականացնող մարմնի ամբողջ հիմնավորումների մեխը եղել է այն, որ կրակոցներն արձակվել են ձախ կողմից, և կրակողը եղել է մեկ անձ, իսկ այս նոր հանգամանքով ստացվում է, որ կրակողը երկուսն են եղել. «Սակայն քանի որ մեղադրանք է առաջադրվել միայն երկու անձի՝ իմ պաշտպանյալին և Հենրիկ Ավագյանին, նշանակում է, որ բացի Ավագյանից, մեքենայի աջ մասում եղել է ևս մեկ կրակող, որը կապ չունի երկու ամբաստանյալների հետ, և նրանց գործողությունները իրար հետ համաձայնեցնված չեն եղել։ Այսինքն, մենք նորից տանում ենք նրան, որ այստեղ տեղի է ունեցել հանցագործության նմանակում»: Հարցին՝ ինչպե՞ս են եզրակացնում, որ այդ անձանց միջև նախնական համաձայնություն չի եղել, պաշտպանը պատասխանեց․ «Ըստ մեղադրանքի որոշման՝ հանցագործությունը նախապատրաստել է երկու անձ, սա իրենց կուռ մեկնաբանությունն է, որը հիմք է հանդիսացել մեղադրանքի համար, և ըստ այդ նույն մեղադրանքի՝ կրակողը հանդիսացել է միայն Հենրիկ Ավագյանը, և կրակել է մեքենայի ձախ կողմից։ Հիմա մենք ունենք տվյալ այն մասին, որ կրակել են նաև աջ կողմից, դրա վերաբերյալ որևէ ապացույց նախկինում չի եղել, սա հիմնավորվեց միայն փորձագետի եզրակացությամբ, իսկ որ այդ անձը կապ չի ունեցել ոչ Գարեն Աթաջանյանի, ոչ Հենրիկ Ավագյանի հետ, ոչ միայն մենք ենք ասում, այլ վարույթն իրականացնող մարմինը»։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ երեկվա դատական նիստին պաշտպանը միջնորդել է փորձագետին հրավիրել դատարան՝ հարցաքննության, և միջնորդությունը բավարարվել է:

Փորձագետին դատարան հրավիրելը, ըստ պաշտպանական կողմի, պայմանավորված է եղել մեկ այլ հանգամանքով ևս: Բանն այն է, որ անդրադառնալով պաշտպանի այն հարցադրմանը, թե որքան էր հավանականությունը, որ այդ անձինք, գտնվելով մեքենայի մեջ, կարող էին վնասվածքներ չստանալ՝ փորձագետը նշել է, որ Սուրիկ Խաչատրյանը և մյուսներն ամենայն հավանականությամբ գտնվել են ավտոմեքենայում. «Սակայն այդ «ամենայն հավանականությամբ»-ը ի՞նչ է նշանակում, դա ի՞նչ փորձագիտական տերմին է, այդ հանգամանքը պարզելու համար ևս մենք միջնորդել ենք փորձագետին հրավիրել»:

Երկրորդ միջնորդությամբ պաշտպան Վահան Հովհաննիսյանը միջնորդել է դատարան հրավիրել մեկ այլ անձի ևս. «Նախաքննության ընթացքում նշանակվել էին տեսաձայնագրային փորձաքննություններ, քանի որ Կապան քաղաքի մի շարք շենքերում դրված տեսախցիկները վերցվել էին, և դրանց զննություններով փորձագետը եզրակացություն էր տվել, որ դեպքի օրը՝ ամբողջ ժամանակահատվածում, Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի հետևից շարժվում է սև գույնի «Սուզուկի գրանտ վիտարա» մակնիշի ավտոմեքենա, որի հաշվառման համարանիշերից նշվել էր միայն երեք նիշը, այդ կապակցությամբ ամբողջ նախաքննության ընթացքում որևէ քննչական գործողություն չէր իրականացվել, անգամ օպերատիվ հանձնարարություն չէր տրվել պարզելու, թե դա ինչ ավտոմեքենա է»: Պաշտպանը իր նախաձեռնությամբ փաստաբանական հարցում է կատարել Ճանապարհային ոստիկանություն՝ պարզելու, թե այդ մակնիշի այդպիսի համարանիշ ունեցող քանի ավտոմեքենա կա ՀՀ-ում. «Մեզ պատասխանել են, որ այդպիսի մեկ ավտոմեքենա կա, որը պատկանում է Սյունիքի մարզի «Կապան ՃՇՇ» ընկերությանը»: Դրանից հետո պաշտպանը հարցում է ուղարկել նաև «Կապան ՃՇՇ» ընկերություն՝ հետաքրքրվելով, թե դեպքի օրը ով է վարել այդ մեքենան, սակայն նրա հարցմանը որևէ պատասխան չի տրվել. «Նախաքննության ժամանակ մենք այս հանգամանքները չենք ներկայացրել, քանի որ անտրամաբանական կլիներ, միանշանակ մերժվելու էինք, դրա համար պահեցինք, որ դատարանում ներկայացնենք, և երեկ արդեն միջնորդեցինք, որ մեր փաստաբանական հարցումները ճանաչվեն ապացույց, պարզվի այդ ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, և նա ներկայացվի դատարան՝ հարցաքննության»: Պաշտպանի այս միջնորդության քննությունը դատարանը հետաձգել է, այն շարունակվելու է հաջորդ նիստին:Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր