ՀՀ փոխվարչապետ, Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս ներկայացրել էի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի ու խնամքի նպաստի վերաբերյալ տեղի ունեցած կարևոր նորամուծությունները: Այժմ անդրադառնանք երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերին: Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար Տրամադրվում է մեկ անգամ և ուղղվում է հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը: Ծրագրի շահառու եք, եթե` . Հիփոթեքային վարկով ձեռք եք բերել բնակելի անշարժ գույք մարզային բնակավայրերում 2020-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, . Ունեք առնվազն 2 անչափահաս երեխա, . Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն դրամ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն դրամին ավելանում է ևս 5 մլն. դրամ: Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է` . Մինչև 1 մլն դրամ, եթե ունեք 30-ից բարձր տարիք: Ընդ որում՝ երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի դեպքում աջակցությունն ավելանում է մինչև 500.000 դրամով (առավելագույն չափը 2 մլն դրամ), . Մինչև 2,6 մլն դրամ, եթե ունեք 30-ից ցածր տարիք: Երեխայի ծննդով պայմանավորված միանվագ դրամական աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին Տրամադրվում է երեխա ծնվելու դեպքում և ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Ծրագրի շահառու եք, եթե` . Ձեր երեխան ծնվել է 2020-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, . Առնվազն 12 ամիս կատարել եք հիփոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը, . Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն դրամ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն դրամին ավելանում է ևս 5 մլն. դրամ: Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է՝ . Մինչև 500 000 դրամ, եթե ունեք 25 տարեկանից բարձր տարիք և ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան, . Մինչև 2 մլն դրամ, եթե ունեք 25 տարեկանից բարձր տարիք և ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան, . Մինչև 1,5 մլն դրամ, եթե ունեք 25 տարեկանից ցածր տարիք և ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան, . Մինչև 4 մլն դրամ, եթե ունեք 25 տարեկանից ցածր տարիք և ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան»: |