ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՌԴ ԱԳՆ-ի կոչը Մինսկի խմբի երկրներին
19:20, 13.07.2020 | mamul.am
6183 | 0

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին կոչ է արել հայ-ադրբեջանական սահմանին ընթացող գործողությունների առնչությամբ ցուցաբերել պատասխանատու մոտեցում ու խուսափել լարվածության լրացուցիչ աճ առաջացնող հայտարարություններից: Այս մասին ասված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրության մեջ, որը հրապարակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Ընդգծվել է, որ Ռուսաստանը կշարունակի իր միջնորդական առաքելությունը Բաքվի և Երևանի հետ շփումներում ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ռուսական կողմից կարևորվել է նաև, որ Մինսկի խմբի բոլոր անդամները պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատականներում և խուսափեն հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են լարվածության լրացուցիչ աճ առաջացնել»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ երևույթին, լարվածության լրացուցիչ աճ առաջացնող հայտարարություններ ու գործողություններ անելուց խուսափելու Ռուսաստանի կոչն ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Թուրքիային, որի ԱԳՆ-ն հուլիսի 12-ին հանդես է եկել հայտարարությամբ, որով ոչ միայն իր երկրի անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը, այլև տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարությանը.

«Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը: Թուրքիայի ձգտումը՝ միջամտելու իր հարևան տարածաշրջաններում առկա հակամարտություններին, արդեն իսկ հանգեցրել են այդ տարածաշրջաններում անվտանգության խաթարմանը և անկայունության տարածմանը: Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը և հաստատում, որ ՀՀ-ն շարունակելու է հետևողականորեն հանդես գալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ»,- նշված է հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր