ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+22 °C
Հայտնի է՝ երբ Հայաստանում ուժի մեջ կմտնի «Լանզարոտի կոնվենցիա»-ն
20:30, 07.09.2020 | mamul.am
9761 | 0

Հայաստանը դարձել է 47-րդ պետությունը, որը վավերացրել է Եվրոպայի խորհրդի Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան («Լանզարոտի կոնվենցիա»): Այսօր ԵԽ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանձնել է վավերացման փաստաթուղթը` գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատտեյնի-Դրագոնիի ներկայությամբ: Կոնվենցիան Հայաստանում ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից:

«Ես ողջունում եմ Հայաստանի կողմից Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը: Կոնվենցիան ամենադաժան հանցագործություններից մեկի կանխարգելման և դրա դեմ պայքարի եզակի գործիք է, որը, ցավոք, դեռևս չափազանց տարածված է մեր հասարակության մեջ »,- ասել է Գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայնի-Դրագոնին։

Կոնվենցիան նախատեսում է օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության, դատական և իրավապահ, ինչպես նար սպորտի, մշակույթի և ազատ ժամանակի կազմակերպման ոլորտներում երեխաների հետ պարբերաբար շփումներ ունեցող անձանց շրջանում երեխաների պաշտպանության և իրավունքների մասին իրազեկությունը խթանելու համար։

Նախատեսվում է, որ երեխաների հետ աշխատող անձինք ունենան համապատասխան գիտելիքներ երեխաների սեռական շահագործման, նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների և դրանց բացահայտման միջոցների մասին, իսկ երեխաների հետ պարբերաբար շփումներ ենթադրող մասնագիտությունների տեր անձինք պետք է նախկինում դատապարտված չլինեն երեխաների սեռական շահագործման կամ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների համար։

Համաձայն կոնվենցիայի՝ քրեականացվելու է այն երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողությունների մեջ ներգրավվելը, որը չի հասել դրա համար օրենքով սահմանված տարիքին, երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողությունների մեջ ներգրավվելը, եթե գործադրվել է հարկադրանք, ուժ կամ սպառնալիք, եթե բռնությունը կատարվել է երեխայի նկատմամբ վստահության, իշխանության կամ ազդեցության՝ ընդունված դիրքի օգտագործմամբ, այդ թվում՝ ընտանիքում, կամ օգտվելով երեխայի առանձնապես անպաշտպան վիճակից, մասնավորապես սահմանափակ մտավոր կամ ֆիզիկական ունակությունների կամ կախվածության մեջ գտնվելու հանգամանքներում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր