ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մարտակոչը
09:40, 27.09.2020 | mamul.am
20827 | 0

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժը ակտիվ հրետակոծություն է սկսել: Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով: Այն ներկայացնում ենք ստորև. «Հայրենակիցներ, 2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը:

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է: Հաղթանակը հեշտ չի տրվելու: Իր բնույթին հավատարիմ՝ հակառակորդը թիրախավորելու է խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը, նա տարբերություն չի դնելու զինվորի ու մանկահասակ երեխայի, հոգևորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու և անօգնական ծերունու միջև. նրա թիրախը բոլորս ենք: Հաղթանակը պահանջելու է ուժերի գերլարում և երկաթակուռ միասնություն: Հիմա մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները, բոլոր տեսակետները, բոլոր կարծիքները: Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը, անհրաժեշտության դեպքում նաև ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղություն:

Այդ խնդիրը կատարելու համար պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը:

Մեր հաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ու մեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրա ապրելու իրավունքը:

Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը:

Մեզ հետ է արդարությունը:

Մեզ հետ է Աստված:

Հաղթանակը մե՛րն է լինելու:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր