ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերում ներկայացրեց ստեղծված վիճակից դուրս գալու՝ կուսակցության` մի քանի կետից բաղկացած ճանապարհային քարտեզը, որի առաջին կետը վերաբերում է վարչապետի հեռանալուն։ «Ներկայացրել ենք մեխանիզմ, թե ինչպես առանց ցնցումների ազատել երկիրը պարտության սիմվոլ վարչապետից և ունենալ նոր վարչապետ, որը կկարողանա գնալ բանակցությունների և՛ Ալիևի հետ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»։ Ըստ Մարուքյանի՝ վարչապետի հրաժարականից հետո անհապաղ պետք է զբաղվել բանակցություններով, քանզի ստորագրված փաստաթղթում բազմաթիվ անորոշություններ կան։ «Այդ հայտարարության համաձայն, մենք վերջնաժամկետներ ունենք, թե երբ պետք է լքենք Քարվաճառը, որ երեկ հայկական ուժերը դուրս եկան։ Բայց մենք չունենք վերջնաժամկետ, թե ե՞րբ մեր ռազմագերիները կամ քաղաքացիական անձինք պետք է փոխանակվեն և վերադարձվեն։ Ինչո՞ւ չունենք»,- ասաց Մարուքյանը։ Մանրամասները` տեսանյութում։ |