2020թ. նոյեմբերի 25-ին Անգլիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին բանաձևը: Բանաձևում նշվում է, որ Արցախն էթնիկ հայկական շրջան է Հարավային Կովկասում։ Ընդգծվում է, որ տեղի հայերի անվտանգությունն ու ապրելու իրավունքը երաշխավորված չեն Ադրբեջանի տարածքում և նշվում է, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ «Այս տարի՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը Թուրքիայի քաղաքական և ռազմական լիակատար աջակցությամբ լայնածավալ ռազմական ագրեսիա է սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանի վերջին գործողություններն ընդգծում են Արցախի ժողովրդի նկատմամբ էքզիստենցիալ սպառնալիքը և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ակտիվ գործի՝ այն չեզոքացնելու համար՝ ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման ու իրենց պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքի ճանաչմամբ»,- նշված է բանաձևում։ Նաև որոշել են դիմել արտաքին գործերի նախարարին՝ տեղեկացնելու բանաձևի մասին ու խնդրելու Մեծ Բրիտանիայի կառավարությանը նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ |