«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին տեղեկությունները հրապարակվելուց հետո քաղաքական կուլիսներում քննարկում են, որ Միքայել Մինասյանը «փչացնում» է Փաշինյանի հավանական «իրավահաջորդին». վարչապետի պաշտոնում Միրզոյանի նշանակումն արդեն կարելի է բացառել։ Ավելին՝ հանրության ուշադրությունը սևեռում են Մինասյանի թղթապանակի հաստության վրա՝ ակնարկելով, որ հերթում մյուսներն են։ Նպատակն անցումային վարչապետի պաշտոնին Էդմոն Մարուքյանին կարգելն է, որը մեկ տարի անց՝ ընտրություններում, իշխանությունը կփոխանցի Մինասյանին։ Ի դեպ, իմքայլականները չեն թաքցնում, որ վախենում են այդ սցենարից։ Մեզ հետ զրույցում իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հորդորեց լուրջ չընդունել Միրզոյանի ձեռքով գրված դիմումը ԱԱԾ-ի հետ համագործակցելու պատրաստակամության մասին․ «Հերթական սևացնելու գործընթացն է գնում։ ԱԱԾ-ն փակեց այդ հարցը՝ հերքելով հայտարարությունը»։ Բայց 10 րոպեում հնարավո՞ր էր ձեռագրաբանական փորձաքննություն իրականացնել։ «Ես չգիտեմ՝ իրականացրե՞լ է, թե՞ ոչ։ Ես հավատում եմ ԱԱԾ-ի հայտնած տեղեկատվությանը, քանի որ այն պաշտոնական է և որևէ քաղաքական գործչի հայտարարություն չէ»։ Ա՞յն ԱԱԾ-ին, որը, օրինակ, հորդորում է գերի ընկնելու դեպքում զանգահարել իքս համարի։ «Բոլոր ժամանակների ԱԱԾ-ները շատ լուրջ կառույցներ են, և պետք է կառույցի հայտնած տեղեկատվությունը հիմք ընդունել»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |