ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ադել ալ-Շահիրը մեկն էր այն վարձկան զինյալներից, ովքեր առաջնորդում էին հայերի դեմ կռվող սիրիացի ահաբեկիչներին». Վարուժան Գեղամյան
19:04, 09.04.2021 | mamul.am
3620 | 0

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի օր առաջ Սիրիայի միջազգայնորեն ճանաչված սահմանի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ-Այն քաղաքում, որը 2019 թվականից գրավված է Թուրքիայի Զինված ուժերի կողմից, տեղի ունեցավ զինվորական հետաքրքրիր միջոցառում։

Կից լուսանկարում այդ միջոցառումից մի դրվագ է. Սիրիայի ազգային բանակի (SNA՝ Թուրքիայի կողմից ֆինանսավորվող սիրիացի վարձկանների բանակ, որը պայքարում է Ասադի դեմ և նպաստում Սիրիայի թուրքացմանը) ռազմական դասընթացների առաջին շրջանավարտներին հանձնում են իրենց վկայականները։

Վարժարանի շենքի վրա երևում են Թուրքիայի և Սիրիայի ընդդիմադիրների դրոշները, իսկ մեջտեղում պատկերված է Ադել ալ-Շահիրը, ում անունով էլ անվանակոչվել է վարժարանը։

Ադել ալ-Շահիրը մեկն էր այն վարձկան զինյալներից, ովքեր 2020թ. աշնանն առաջնորդում էին հայերի դեմ կռվող շուրջ 2000 սիրիացի ահաբեկիչներին Արցախյան պատերազմում։
Ադել ալ-Շահիրին զինել, վարժեցրել և Արցախ էր ուղարկել Թուրքիայի ղեկավարությունը՝ հստակ խնդիր դնելով նվաճել և հայաթափել Արցախը։ Ուստի պատահական չէ, որ այսօր թուրքական բանակի ղեկավարությունն այս կերպ հավերժացնում է այդ ահաբեկչի հիշատակը, որը հաջողությամբ կատարեց իր հանձնարարությունը՝ նվաճելով Հարավային Կովկասի չթուրքացված վերջին հողակտորներից մեկը՝ Արցախի 75%-ը, դաժանաբար սպանեց ու գերեվարեց մեր հազարավոր եղբայրներին։ Այս ոգով ու օրինակով են դաստիարակվում թուրքական բանակի բոլոր ստորաբաժանումները՝ անկախ տեղակայման վայրից, քանի որ հաջորդ քայլով նպատակ է դրված նվաճել Հայաստանի Հանրապետությունը՝ սկսելով Սյունիքից։

Սա է Թուրքիայի իրական, քաղաքական ռազմավարությունը տարածաշրջանում և այն չի փոխվելու, որքան էլ որ ՀՀ ներկայիս օկուպացիոն իշխանությունները «ստորացված բարեկամության» ձեռք մեկնեն Թուրքիային և բավարարեն առաջադրված նախապայմանները։ Բավարարելով այսօրվա նախապայմանները՝ Հայաստանի առջև դնելու են նորերը։
Ադել ալ-Շահիրներին դիմակայելու միակ ձևը սուվերեն Հայաստանն է՝ իր ամուր բանակով, որը քանդելու ուղղությամբ ջանք ու եռանդ չի խնայում ՀՀ ներկայիս տգետների կառավարությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր