ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 488.19, EUR 580.70, RUB 6.69, GBP 679.51
+19 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+35 °C
Երիտասարդները բաց նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանությանը
15:41, 08.05.2021
1888 | 0

Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների երիտթևերի ներկայացուցիչները բաց նամակ են հանձնել ԱՄՆ դեսպանությանը:

Նամակում ասվում է. «Դուք՝ որպես աշխարհում միջազգային հանրության ձայնը ներկայացնող հեղինակավոր կառույցներ, ունեք աշխարհի բոլոր ազգերի նկատմամբ պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունները կանխելու բացառիկ առաքելություն։ 76 տարի առաջ այս օրերին միջազգային հանրությունը միահամուռ ջանքերով ջախջախեց ֆաշիզմը և թվում էր՝ այսուհետ թույլ չի տա որևէ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության և վայրագությունների կրկնություն։ Թերևս այդ նպատակով ստեղծվեցին հայտնի միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն և այլն։ Սակայն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը 21-րդ դարում՝ առաջադեմ մարդկության աչքի առաջ, նույնիսկ առցանց ռեժիմով՝ մարդասպան ԱԹՍ-ների կիրառմամբ, հերթական անգամ դարձավ ագրեսիվ հարևանների ցեղասպան նկրտումների զոհը, իսկ միջազգային հանրությունը հերթական անգամ չկարողացավ կանխել մարդկային ողբերգությունը։ Ձախողեց պատշաճ արձագանքել հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության երկրորդ փորձին։

Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի ու Արցախի անկախացումից ի վեր շարունակաբար սաստկացնում են իրենց ռազմատենչ հռետորաբանությունն ու ագրեսիվ քաղաքականությունը, իսկ միջազգային կազմակերպությունները լավագույն դեպքում բավարարվում էին հերթական և անհասցե հայտարարություններով, ինչն իր հերթին հանգեցրեց Ադրբեջանի և Թուրքիայի արկածախնդիր ղեկավարների կողմից Արցախի նկատմամբ պատերազմի սանձազերծումը։ Պատերազմի ողջ ընթացքում ռմբակոծվում էին Արցախի խաղաղ բնակավայրերը, հիվանդանոցներն ու մշակութային, կրոնական հաստատությունները։ Արցախահայության դեմ կիրառվում էին ֆոսֆորային, կասետային ռումբեր։ Արդյունքում փոքրիկ Արցախը կորցրեց իր տարածքների մեծ մասը, տվեց հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ։ Հազարավոր մարդիկ անօթևան դարձան, հարյուրավոր անձիք, այդ թվում տարեցներ և կանայք գերեվարվեցին ու Ադրբեջանի կողմից կտտանքների ու խոշտանգումների ենթարկվեցին։ Պատերազմի ընթացքում տարբեր մակարդակներով ընդհուպ գերտերությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից խոսվեց Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից տարածաշրջան ահաբեկիչներ տեղափոխելու մասին, բայց այդ երկրների դեմ այդպես էլ որևէ գործնական միջոցառում չիրականացվեց։ Պատերազմից հետո միայն մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, այդ թվում Human Rights Watch-ն արձանագրեցին Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները։ Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար ձերբակալված պահել հայ ռազմագերիներին։

Նրանցից շատերը խոշտանգվում են։ Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ։ Ադրբեջանը բոլորի աչքի առաջ իրականացնում է մշակութային եղեռնագործություն՝ ոչնչացնելով մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցածտարածքներում արդեն իսկ ոչնչացվել են սրբավայրեր, պղծվել վանքեր ու եկեղեցիներ։ Օրեր առաջ հայտնի դարձավ նաև վերանորոգման պատճառաբանությամբ Արցախի թեմի առաջնորդանիստի՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի հոգևոր խորհրդանիշները վերացնելու փաստը։

Կոչ ենք անում կանխել ցեղասպանությունը, դատապարտել մարդկության դեմ հանցագործությունները և վերականգնել պատմական արդարությունը՝ խուսափելու համար ավելի մեծ համամարդկային աղետից։ Որպես առաջնահերթ և կարևոր քայլեր կոչ ենք անում մեծացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ՝ ստիպելով, որ վերջինս անհապաղ ազատ արձակի բոլոր գերեվարված անձանց։ Ստեղծել պատերազմական հանցագործությունները և հանգամանքները քննելու գործուն մեխանիզմներ, ճանաչել Արցախի անկախությունը, հստակ գնահատական տալ խաղաղ բնակչության նկատմամբ մարդասպան ռոբոտների կիրառման պրակտիկային, կանխել Արցախում մշակութային ցեղասպանությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր