Ամերիկացի վերլուծաբաններն Աֆղանստանից զինվորականների և զինտեխնիկայի տեղափոխման տարբերակ են դիտարկում Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրները: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Նրանց կարծիքով, այդ շրջաններում զորքերի, անօդաչու թռչող սարքերի, ռմբակոծիչների և հրետանու վերատեղաբաշխումը, տարածաշրջանի երկրներում ռազմաբազաների ստեղծումը, թույլ կտա Աֆղանստանում շարունակել վերահսկողություն իրականացնել թալիբների նկատմամբ, գրում է թերթը:
Նշվում է, որ ռիսկերի շարքին են դասվում նաև Աֆղանստանում «Ալ Քաիդայի» կամ ԻՊ-ի նման այլ խմբավորման հայտնվելու հնարավորությունը, որոնք կսպառնան ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների շահերին:
Բայդենի վարչակազմի որոշ զինվորականների և պաշտոնյաների կարծիքով՝ նախընտրելի կլիներ զորքեր տեղակայել Աֆղանստանին սահմանակից Ուզբեկստանում և Տաջիկստանում, ինչն անհրաժեշտության դեպքում ամերիկացիներին արագ հասանելիություն կապահովեր: Միևնույն ժամանակ, նրանք հասկանում են, որ տարածաշրջանում Ռուսաստանի լուրջ ռազմական ներկայությունը, Չինաստանի աճող ներկայությունը և նրանց ու Վաշինգթոնի միջև լարվածությունը բարդացնում է Կենտրոնական Ասիայում ռազմաբազաների ստեղծման ծրագրերը, նշում է The Wall Street Journal-ը:
Թերթը հայտնում է, որ ամերիկացի պաշտոնատար անձանց խոսքով, այսօրվա դրությամբ Կենտրոնական Ասիայում ռազմաբազաների մասին ոչ մի պաշտոնական հարցում չի եղել, Պենտագոնը դեռ կշռադատում է դրական և բացասական կողմերը: Որոշման ընդունման գործում ներգրավված են նաև Պետդեպարտամենտն ու Սպիտակ տունը։