ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 514.11, EUR 614.36, RUB 7.09, GBP 718.26
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Սև լճի հարակից տարածքում Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է ստեղծված իրավիճակին
15:25, 14.05.2021
2255 | 0

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինվորականների հանցավոր ներկայությունը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր վաղ առավոտից իրականացվել են փաստահավաք աշխատանքներ Սյունիքի մարզում` կապված Սև լճի ուղղությամբ ադրբեջանական զինվորականների անօրինական, բացարձակ իրավական հիմք չունեցող ներկայության հետ:

Այցն իրականացվել է Գորիս համայանքի ղեկավարի ուղեկցությամբ, այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ քաղաքացիական բնակիչների և զինվորականների հետ:

Սև լճի հարակից տարածքում Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է ստեղծված իրավիճակին:

Պարզվել է, որ ադրբեջանական զինված անձինք, վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անօրինական առաջխաղացում ունեցել դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սև լճի տարածք ու այդ տարածքից դեպի քաղաքացիական բնակավայրեր:

Ադրբեջանական զինվորականների այդ արարքը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ: Առաջին օրը` մայիսի 12-ին, նրանք արդեն իսկ զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար:

Ադրբեջանական զինված ուժերի նշված անօրինական արարքը ևս մեկ անգամ ապացուցում է անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը զրուցել է տեղում հերոսական և անձնուրաց ծառայություն իրականացնող սպաների ու զինվորերի հետ, քննարկել նրանց ծառայության հետ կապված հարցեր:

Այցի արդյունքները կամփոփվեն և կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր