ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Որոշ միջազգային կառույցներ վեր են դասում Արցախի մշակութային արժեքները քաղաքական նկատառումներից»․ ԱՀ ՄԻՊ
18:42, 09.07.2021 | mamul.am
6884 | 0

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած միջազգային հանրությունը, ընդհանուր առմամբ, պատշաճորեն չի դատապարտել Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի գործողությունները և անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում դրանք կանխելու համար, այնուամենայնիվ, որոշ միջազգային կառույցներ վեր են դասում մշակութային արժեքները քաղաքական նկատառումներից և բարձրաձայնում դրանց պահպանության խիստ անհրաժեշտության մասին:
Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է երկու հայտնի միջազգային հասարակական կազմակերպությունների` Եվրոպա Նոստրայի և Եվրոպական հնագետների ասոցիացիայի կողմից վերջերս տարածված համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում առկա հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության, ինքնատիպության և բազմազանության համապարփակ պաշտպանության վերաբերյալ, որն ինչպես նշված է հայտարարության մեջ, արտահայտում է այդ տարածաշրջանի, ինչպես նաև ամբողջ Եվրոպայի բազմամշակութային և բազմակրոնական անցյալն ու ներկան:
Հայտարարության մեջ երկու կազմակերպությունները իրենց աջակցությունն են հայտնում պատշաճորեն ապահովելու տարածաշրջանում գտնվող հարուստ մշակութային ժառանգության ամբողջականությունը, ինքնատիպությունն ու բազմազանությունը: Միևնույն ժամանակ, կոչ են անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ Մինսկի խմբին համատեղ ջանքերով լիարժեքորեն ապահովել տուժած տարածքներում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը, այդ թվում եվրոպական (միջազգային) փորձագետների անաչառ թիմ ուղարկելով տարածաշրջան՝ հարուստ մշակութային ժառանգության համապարփակ և օբյեկտիվ գիտական հետազոտություն իրականացնելու համար։
Պաշտպանն ընդգծում է, որ մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նման կոչերը և գործուն քայլերը պարտադիր պետք է ընդգրկված լինեն համապատասխան միջազգային կառույցների օրակարգում, լինեն պաշտպանված հավասար հիմունքներով` անկախ քաղաքական նպատակահարմարությունից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր