ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Մինչև թուրքը յաթաղանով չմտնի «հպարտ քաղաքացիների» ննջասենյակ, մարդիկ չեն հասկանա». Արման Աբովյան
21:36, 22.07.2021 | mamul.am
4322 | 3

ԲՀԿ-ական Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սխալ է դիտարկել սահմանային լարվածությունը՝ ավելի ճիշտ թուրք-ադրբեջանական ուժերի ռազմական սադրանքները, միայն մեկ կամ երկու պատճառահետևանքային երանգների ներքո։

Թուրքերի տարածաշրջանային «հավաքականը» լոկ տակտիկական կամ տարածաշրջանային առավելություն ստանալուց զատ, փաստացի գեներացնում է մի գործընթաց, որի մասին Հայաստանի տարածք ներխուժելուց հետո ես անմիջապես ահազանգել եմ, բայց ապարդյուն։

Հայկական կողմի կոշտ, ռազմական արձագանքի բացակայությունը, ըստ էության, հանգեցնում է մի իրավիճակի, որն էականորեն վտանգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և, ի վերջո, Հայաստանի սուբյեկտականությունը հավասարեցնում է զրոյի։

Տեսեք, երբ այս իշխանությունը հրաժարվեց ագրեսորին դուրս շպրտել ՀՀ ինքնիշխան տարածքից և դրա փոխարեն առաջարկեց հարցի լուծման վատագույն տարբերակը (խոսքը հայ և ադրբեջանական զորքերի հայելային հետ քաշվելն է ՀՀ պետական սահմանի որոշ հատվածներից), դրանով Հայաստանը՝ ավելի ճիշտ այս իշխանությունը, կամա թե ակամա, տեղափոխեց Հայաստանի սահմանների անձեռնամխելիությունը «վիճելի տարածքների» տիրույթ։

Ավելի պարզ ասած՝ հայկական կողմն իր հենց ձեռքերով Սյունիքի, Գեղարքունիքի սահմանամերձ տարածքների զավթումը վերափոխեց «վիճելի տարածքների» շուրջ վեճի։ Հասկանալի է, որ այս պատրվակն օգտագործելով փաշինյանական իշխանությունները շուտով առաջ են քաշելու «դելիմիտացիայի և դեմարկացիայի» կործանարար գաղափարը, սակայն այս պահին միջազգային քաղաքական ասպարեզում ամրապնդվում է ոչ թե ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածքի օկուպացիայի թեզը, այլ՝ «վիճելի տարածքներ» եզրույթը։

Դուք հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ ծանրագույն հետևանքներ ենք մենք ունենալու։ Չնայած կրկնեմ՝ մինչև թուրքը յաթաղանով չմտնի «հպարտ քաղաքացիների» ննջասենյակ, մարդիկ չեն հասկանա, թե ինչ ահավոր իրավիճակ է երկրում։

Այդ իսկ պատճառով կրկնեմ՝ Ապագա Կա՛... վայելե՛ք»։

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր