ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.23, EUR 567.95, RUB 6.65, GBP 660.20
+17 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Հայաստանը հիմա դիվանագիտական մեծ ու մասշտաբային պատերազմի թատերաբեմում է». Էմին Երիցյան
22:48, 23.07.2021
2822 | 0

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի ելքը մեր համար գրավոր ու բանավոր եռակողմ պայմանավորվածություններն էին (որոնցով սահմանվեցին պատերազմի դադարեցման՝ մեր կապիտուլյացիայի պայմանները)։

Այդ պայմաններից որոշ մասը ժամանակ էին պահանջում ու կողմերի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հանձնառություն ու կարողություն։ Ազերիները հայ գերիներին պատանդ պահեցին՝ երաշխիքներ ունենալու համար (և ոչ միայն դա), միջնորդը՝ Ռուսաստանը, հատուկ ջանքեր չգործադրեց գերիներին պատանդությունից ազատելու համար։

ԱԺ արտահերթ ընտրությունները շանս էին, որ Հայաստանը փոխի իր բանակցողին (թեկուզ նույն ՔՊ-ի ներսից)՝ Հայաստանի համար մեղմնելով կապիտուլյացիայի պայմանները։

Բոլոր արտաքին խաղացողները նպաստեցին, որ ՀՀ ԱԺ ընտրություններում չփոխվի Հայաստանի կողմից բանակցողն ու իշխանությունը տեր մնա իր պարտավորություններին։

ԱԺ ընտրություններից հետո, այս կարճ ժամանակահատվածում Հայաստանի պաշտոնական ու կիսապաշտոնական հռետորաբանությունը տպավորություն է առաջացնում, որ Հայաստանը կարծես արևմտյան հարթակներ ու գործընկերություններ է փնտրում փոխելու խաղաղության դիմաց եռակողմ համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները։ Ու այս փնտրտուքներում ցանկալին իրականի տեղ է ներկայացնում հանրությանը՝ իրենք էլ երևի լուրջ են ընդունում ֆրանսիական զորքերի փրկիչ առաքելությունը։

Անզեն աչքով էլ տեսանելի է՝ Ադրբեջանին սա անհանգստացնում է՝ նրանք սահմանային միջադեպերով կարծես ճնշում են գործադրում՝ Հայաստանի իշխանություններից իրենց սպասելիքները բավարարելու համար։

Անհանգստություն երևում է նաև Ռուսաստանից եկող ազդակներում՝ Հայաստանի իշխանությունների կողմից «գցված» լինելու վտանգ են տեսնում։ Ասում են, որ Ռուսաստանն արդեն պատրաստել է անհրաժեշտ պայմանագրերի նախագծերը։

Որոշ քարոզիչներ փրփրած հակառուսական կամպանիա են հանրային դաշտում սկսել։

Անփորձության այս երեք տարիները շատ վնաս հասցրին Հայաստանի ներկային ու ապագային։

Ընտրություններից հետո կարծես ոչինչ չփոխվեց՝ լայնախոհ ու փորձառու խոսքը նմում է իշխանության կողմից մերժված։ Հայաստանը հիմա դիվանագիտական մեծ ու մասշտաբային պատերազմի թատերաբեմում է, որը ոչ պակաս իրական պատերազմ է՝ նույնքան իրական հետևանքներով, ինչպես 44-օրյա պատերազմը։

Բայց իշխանության ուղեղային կենտրոնն այս պահին ընդամենը միջազգային խաղացողների արանքում վաշխառուական մակարդակի մանևրեր («շուստրիտ») է անում։ Վանո Սիրադեղյանը կասեր՝ «գյուղացու փոքր խորամանկություններ»։

Արդյունքում տուժելու են սահմանամերձ համայնքները, սահմանին կանգնած հայ զինվորներն ու Հայաստանը»։

Աղբյուրը` Էմին Երիցյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր