ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Պետք է նկատել, որ այդ բանաձևն Ադրբեջանի համար ամենևին պատիժ կամ պատժամիջոց չէ»․ Հակոբ Բադալյան
19:00, 29.07.2021 | mamul.am
4375 | 2

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի Սերժ
Հայազգի հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը, որով արգելվում է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը:
«Մեծ հաղթանակ՝ հանուն արդարության: Հայաստանի դեմ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի քայլերը պահանջում են պատժիչ գործողություններ: Այսօրվանից Ալիևի ռեժիմը սկսում է վճարել պատերազմական հանցագործությունների ու ագրեսիայի համար: Հանուն արդարության պայքարող աշխարհի բոլոր հայերին կոչ եմ անում ձեր երկրներում ջանքեր գործադրել Ադրբեջանի դեմ անհապաղ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ», գրել է մեր հայտնի հայրենակիցը:
Ոգևորիչ է անշուշտ բոլորիս համար, թեև այդ բանաձևը դեռ պետք է ստանա հաստատում Սենատում: Բայց, անգամ այդ դեպքում, ոգևորությամբ հանդերձ, պետք է նկատել, որ այդ բանաձևն Ադրբեջանի համար ամենևին պատիժ կամ պատժամիջոց չէ: Ամերիկյան ռազմական օգնությունը Ադրբեջանի համար երբեք չի ունեցել որոշիչ կամ էական նշանակություն, չի ունեցել էական ծավալներ:
Ի վերջո, տարիներ շարունակ գործում էր 907 բանաձևը, ինչը սակայն սկզբունքորեն չէր խանգարում Բաքվին առաջ տանել իր քաղաքականությունը, ի վերջո վերացնելով նաև այդ արգելքը:
Սա անշուշտ այն մասին չէ, որ պետք չէ աշխատել այդպիսի մեծ ու փոքր նշանակության քայլերի ուղղությամբ: Բայց, մեր հանրահայտ հայրենակիցները, հատկապես քաղաքականության անմիջական ներգրավածությունից դուրս, թերևս շատ ավելի արժեքավոր նպաստ կարող են ունենալ հայությանը Հայաստանի ներքին ամրացմանն ուղղված ծրագրերի շուրջ խմբելու գործում:
Այսօր առավել քան կարևոր է այդ հանգամանքը, հատկապես հաշվի առնելով քաղաքականության բաժանարար գծերը հաղթահարելու անհրաժեշտությունը: Դրանից Հայաստանը կամրանա, իսկ Ադրբեջանի խնդիրները կավելանան առավել հիմնավոր կերպով»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր