ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Մենք ջանք չենք խնայելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում հակամարտության տևական լուծում գտնելու համար». Մակրոնի ուղերձը
11:30, 21.09.2021 | mamul.am
2430 | 0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Պարո՛ն նախագահ, սիրելի Արմեն, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ հղում եմ Ձեզ, ինչպես նաև հայ ժողովրդին, երջանկության, բարգավաճման և հաջողության բարեմաղթանքներս: Գնահատում եմ այն նշանակալի ուղին, որ ուղիղ 30 տարի առաջ անկախության ձեռքբերումից ի վեր, ժամանակակից և ժողովրդավարական պետություն կերտելու համար, անցել է հայ ժողովուրդը: Այսպիսով՝ հաղթահարելով մի շարք փորձություններ՝ Ձեր երկրին հաջողվել է ամրապնդել ինստիտուտների գործունեությունը: Ֆրանսիան և Հայաստանը կապված են պատմության մեջ խորապես արմատացած առանձնաշնորհյալ հարաբերություններով: Այդ սերտ և վստահելի բարեկամական հարաբերություններն այսօր էլ շարունակվում են բոլոր ոլորտներում: Հուսով եմ, որ մեր երկկողմ հարաբերությունների հարստությունը հանդիսացող այդ կապն ավելի կխորանա համագործակցության ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, կրթությունը, առողջապահությունը կամ տնտեսությունը:

Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, և այդ ոգով է, որ Հայաստանի կողքին է՝ օգնելու նրան հաղթահարել Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազմից մեկ տարի անց իր առջև ծառացած մարտահրավերները: Այս առումով, Ֆրանսիան մասնավորապես ձեռնամուխ կլինի տարածաշրջանի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը, որն արտացոլում է Հարավային Կովկասի առանձնահատկությունն ու հարստությունը: Եվ վերջապես, մենք ջանք չենք խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու հակամարտության տևական լուծում և հանգելու Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման՝ ի նպաստ տարածաշրջանի զարգացման և բարգավաճման: Դա ենթադրում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսում՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել այդ հարցում: Այս խորհրդանշական առիթով, վերահաստատելով բարեմաղթանքներս՝ խնդրում եմ ընդունեք հարգանքներիս խորին հավաստիքը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր