ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.55, EUR 553.94, RUB 6.71, GBP 656.26
+16 °C, +7 °C ... +16 °C Վաղը`+18 °C
«Պարտվելով կարելի է հետևություններ անել ու ուժեղանալ, բայց պարտվելով հնարավոր չէ հաղթել». Գարրի Արզումանյան
13:36, 23.09.2021
1715 | 0

Նկարիչ Գարրի Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսում եմ պետության ղեկավարի խոսքերն առ այն, որ կարելի է հաղթող լինել նաև պարտվելով ու ֆիքսում մի փաստ:
(Իհարկե, եթե այդ խոսքերն ընդունենք փիլիսոփայորեն, ապա որոշակի դեպքերում նա ճիշտ է: Բայց սա հաստատ մեր դեպքը չէ, ու եթե անկեղծ, ապա փիլիսոփայելու ժամանակ էլ մեզ արդեն չի մնացել)։
Ընդհանրապես, պարտվողի հոգեբանությունն ամենասարսափելի ախտերից է, որը կարելի է ներդնել մարդկանց մեջ, դրանից սարսափելի միայն թերևս մեղքի զգացումն է, որը նույնպես ներդնում են մարդու մեջ՝ սկսած մանկությունից՝ շատ սիրող ու/բայց մանիպուլյատիվ ծնողներով, վերջացրած անորակ հոգևորականներով:
Չեմ ուզում ծանրաբեռնել խորը վերլուծություններով, առավել ևս, երբ ընկերներիս մեծ մասը ոչ միանշանակ է ընդունում այն, առավել ևս ֆեյսբուքի նման հարթակում, որտեղ լուրջ քննարկումը բացառվում է:
Պարզապես ասեմ, հեռու մնացեք նրանցից, ովքեր ձեզ կփորձեն համոզել, թե պարտվելը լավ է և նրանցից, ովքեր կփորձեն ձեր մեջ մեղքի զգացում արթնացնել: Կիլոմետրերով հեռու մնացեք: Պարտվելով կարելի է հետևություններ անել ու ուժեղանալ, բայց պարտվելով հնարավոր չէ հաղթել:
Ու վերջում հիշեք, որ դուք բոլորդ, ովքեր կարդում եք այս տողերը, բոլորդ անխտիր, ամենաիսկական հաղթողներն եք, ամենաիսկական չեմպիոնները: Իրականում դուք հաղթել եք ամենադժվարին, ամենահյուծիչ ու ամենաորոշիչ մարաթոնում: Ուղղակի դա եղել է ձեր կյանքի ամենասկզբում ու դուք դրա մասին ոչինչ չեք հիշում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր