Վրաստանում պատվաստման ռազմավարությունը պետք է վերանայվի, գտնում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն, փոխանցում է aliq.ge-ն: Ըստ նրա` մինչ այժմ բնակչությունն էր ակտիվություն ցուցաբերում ու պատվաստման կենտրոններ հասնում, այսուհետ պետք է պատվաստանյութը հասնի բնակչին` տեղում, պետք է ակտիվացնել առաջնային առողջապահությունը։ Վրաստանում պատվաստումների մակարդակը կրկնակի նվազել է։ Եթե սեպտեմբերի սկզբին օրական 20 հազար պատվաստում էր արվում, այս պահին հազիվ է հասնում 13 հազարի։ Երկրի գլխավոր համաճարակաբանը խոսել է հատկապես տարեց բնակչության պատվաստման կարևորության մասին` ասելով, որ դրանից կախված կլինի 5-րդ բռնկման ծանրությունը, որը սպասվում է նոյեմբերին: |