ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 478.42, EUR 555.06, RUB 6.72, GBP 656.77
+10 °C, +10 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Ովքեր մնացին Կրեմլի աշխարհաքաղաքական տիրույթում, ունեցան միմիայն խնդիրներ». Արթուր Սաքունց
19:10, 27.09.2021
1358 | 1

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրառումը․ «Պատասխանատու որոշումներ պետք է կայացնել ի վերջո, ոչ թե միայն սահմանափակվել ցավակցելով ու սգալով․․․․
Այն, որ մեկ տարի էլ անց Իլհամ Ալիևը լկտի է պահում, մյուս բռնապետ Էրդողանի անթաքույց աջակցությամբ, և բռնապետ Պուտինի լռության, կամ ավելի ճիշտ լատենտային աջակցության պայմաններ, ապա դրա միակ պատասխանատուն ՀՀ իշխանությունն է, որն այդպես էլ մնաց եռակողմ հայտարարության պատանդը, ինչպես պատանդի վիճակում են գտնվում մեր ռազմագերիները այսքան ժամանակ, ինչպես պատանդի վիճակում է շարունակում մնալ ՀՀ-ն, Արցախը։
ՀՀ ներկա իշխանությունը անվտանգային հարցերի լուծման ուղղությամբ անցած գոնե մեկ տարում, եթե չասենք երեք տարում, այդպես էլ չմշակեց հայեցակարգ, որը կսթափեցներ էյֆորիայի մեջ գտնվող Ադրբեջանի բռնապետին ու նրա հովանավորներին։
Բրյուսելն էլ, Վաշինգտոնն էլ, տարբեր կենտրոններ, նույնիսկ իր շահերից ելնելով Իրանն էլ, կարող են իրենց դիրքորոշումներով սթափեցնել Ալիևին, բայց առավել և միակ որոշիչն ու հիմնականը կարող է և պետք է լինի ՀՀ-ի դիրքորոշումը, որը, շարունակելով մնալ ՌԴ-ի շահերն սպասարկող ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի խիստ սահմանափակող կառույցների շրջանակում, պատետապատ կպչող ու ոչինչ չտվող, անպտուղ դեգերումների մեջ է գտնվում։
Մի բան պետք է ի վերջո պարզ լինի, որ ձախողվել է տարիներ շարունակ ՀԱՊԿ ռազմաքաղաքական, մինչ այդ դե ֆակտո գոյություն ունեցած, հետո ԵԱՏՄ անվանակոչված տարածաշրջանային տնտեսական համակարգերում ձևավորված ՀՀ-ի ռազմաքաղաքական, արտաքին քաղաքական՝ դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ, ի վերջո հակաքաղաքակրթական անվտանգային համակարգը, որն այդպես էլ որևէ փոփոխության չենթարկվեց հեղափոխությունից հետո։
Այն թեզը, թե թավշյա հեղափոխությունը չունի որևէ աշխարհաքաղաքական կողմնորոշում, բայց իրականում, մնաց մինչ այդ մնացած եվրասիական կողմնորոշման մեջ, չէր կարող չձախողվեր, որը հանգեցրեց այսքան ծանր, անչափ ծանր հետևանքների։
Ի վերջո պետք է մի շատ պարզ օրինաչափություն ընդունել․ հետխորհրդային բոլոր այն պետությունները, որոնք մնացին Կրեմլի աշխարհաքաղաքական տիրույթում, ունեցան միմիայն խնդիրներ, կորուստներ ու շարունակական ու չլուծված խնդիրներ՝ համակարգային կոռուպցիա, անպատժելություն, ավտորիատար կառավարումներ՝ Ուկրաինա, Վրաստան, Հայաստան, նույն Ադրբեջանը, որին թվում է թե վերջ լուծեց իր խնդիրները, բայց դեռ տաք է, դեռ չգիտի, որ 2020թ սեպտեմբերյան ագրեսիայի թողտվության համար, դեռ պետք է վճարի, միջին ասիական պետությունները՝ Տաջիկիստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Ղազախստան, Թուրքմենստան։
Միայն Մերձբալթյան պետությունները, որոնք 1995-1996թթ, օգտվելով Կրեմլի թույլ կայսերաական ամբիցիաներ չունեցող կառավարման գոյության փաստից, ուղղակի կարողացան ճիշտ հաշվարկել, կողմնորոշվել ու ճիշտ ժամանակին ու պահին հստակ քայլ կատարեցին դեպի ժողովրդավարական քաղաքակրթական տարածաշրջանային կառույցներ, հնարավորություն ունեցան զերծ մնալ Կրեմլի կողմից ուղղակի ու հիբրիդային ոտնձգություններից, մանիպուլիացիաներից ու կորուստներից։
Ավելի ուշ՝ 2013թ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի հստակ բայց ուշացած քաղաքակրթական կողմնորոշումներն ուղեկցվեցին կորուստներով, հենց ուշացած որոշում ընդունելու պատճառով․ մաֆիան, որի բնույթն ունի Կրեմլի ռեժիմը, չի սիրում, երբ իր ազդեցության տիրույթից փորձում են ազատվել։
Պատկերացնո՞ւմ եք, եթե 1994թ-ից հետո Հայաստանը հստակ քայլ կատարեր դեպի ԵՄ ու ՆԱՏՕ, բոլորովին այլ իրավիճակում կլինեինք։
1994-1996թթ Կրեմլը չուներ որևէ իրական լծակ կանխելու նման քայլը ու չէր կարող որևէ խոչընդոտ հանդիսանալ նման որոշման իրականացմանը, որն ունեցավ արդեն 2000-ականների սկզբներից։
Մարդկային կյանքերի հանդեպ պատասխանատվությունը քաղաքակրթական, արժանապատիվ որոշում է պարտադրում, ոչ թե մնալ ու հարմարվել անարժանապատիվ ու անվտանգությունդ պարբերաբար խոցող անվտանգային համակարգերում։
Իհարկե պատմությունը եթեներ չի ընդունում, բայց հաջողված ու ձախողված օրինակների հիման վրա շտկումների, ուղղումների հնարավորություն տալիս է։
Այլ տարբերակ չկա հետագա կորուստներից զերծ մնալու համար»:

Աղբյուրը` Արթուր Սաքունց
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր