ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Աշնանային երկխոսություն» խորագրով մենահամերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
01:06, 27.10.2021 | mamul.am
1905 | 0

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա մեցցո-սոպրանո, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանի «Աշնանային երկխոսություն» խորագրով մենահամերգը։

Ծրագրում ընդգրկված են Կ․ Մոնտեվերդիի, Մ․Ա․ Շարպանտյեի, Լ․ Բերիոյի, Լ․ վ․ Բեթհովենի և Տ․ Մանսուրյանի վոկալ-կամերային ստեղծագործությունները։ Այս համերգով երգչուհին ամփոփում է իր ստեղծագործական տարին, որը, չնայած համավարակին՝ բավական հագեցած էր։ 2021 թ. Վ. Ավանյանը ելույթ է ունեցել Մոսկվայի Նիկո ցուցասրահում, որտեղ ռուս հայտնի դիրիժոր Ֆիլիպ Չիժևսկու ղեկավարությամբ Questa Musica նվագախմբի և երգչախմբի հետ կատարել է Կոմիտասի խմբերգերը, Ներսես Շնորհալու աղոթքները, Տիգրան Մանսուրյանի «Հավատով խոստովանիմ»-ը ըստ Ներսես Շնորհալու և Գաբրիել Գարսիա Լորկայի բանաստեղծությունների հիման վրա գրված վոկալ շարքը, ինչպես նաև Լուչիանո Բերիոյի «Ժողովրդական երգեր» շարքը: Բացի դրանից՝ երգչուհին դաշնակահարուհի Կարինա Պողոսբեկովայի հետ Մոսկվայի տարբեր հարթակներում ներկայացրել է հայ հեղինակների ստեղծագործությունները։ Նույն տարում Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ներկայացրել է Ֆ․ Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան, ինչպես նաև նույն թատրոնի ճեմասրահում ունեցել է մենահամերգ՝ որտեղ երգել է Բեթհովենի՝ հազվադեպ հնչող վոկալ-գործիքային ստեղծագործությունները։

Համերգին մասնակցում են դաշնակահարուհի Կարինա Պողոսբեկովան (ՌԴ), ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյանը, թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանը, դաշնակահար Ելենա Վարդազարյանը և կիթառահար Նիկոլայ Տեր-Հովհաննիսյանը։

«Աշնանային երկխոսություն» խորագրով մենահամերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր