ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 459.40, EUR 484.07, RUB 7.40, GBP 571.03
+17 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Կարմիր շուկայի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել»․ Արցախի ՄԻՊ
15:10, 02.12.2021 | mamul.am
5445 | 0

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է․ «Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել, որոնք տևել են 10-15 րոպե։ Կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։

Ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով։ Կրակահերթերի հետևանքով մարդկային և նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել։
Ադրբեջանական կողմը, խախտելով եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, շարունակում է Արցախի ժողովրդի իրավունքների դեմ իր հանցավոր գործողությունները՝ ոտնձգելով առաջին հերթին խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության դեմ։

Հրադադարի հաստատումից հետո բազմիցս հայտարարել ենք, որ նման հանցավոր գործողություններով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց և վախի ու հուսալքության մթնոլորտ ձևավորելու միջոցով հասնելու Արցախի հայաթափմանը։

Ադրբեջանական կողմի հանցավոր գործողությունները զսպելու և դրանց կրկնությունը բացառելու, ինչպես նաև բնակիչների անվտանգության և իրավունքների պաշտպանության համար շարունակում է խիստ անհրաժեշտություն մնալ ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությունից և հրադադարի խախտման դեպքերի անաչառ հետաքննության մեխանիզմների ներդրումը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր