ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.47, EUR 544.52, RUB 6.10, GBP 651.72
+1 °C, -5 °C ... +1 °C Վաղը`-1 °C
«Եթե այդ հարցն անջատվի ռեգիոնալ լայն փաթեթից, Թուրքիան կհայտնվի ոչ այնքան շահեկան վիճակում». Հակոբ Բադալյան
15:18, 03.12.2021
2326 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Սոչիի հանդիպումից հետո մի քանի անգամ գրեցի կարծիքս, որ Թուրքիան դժգոհ է այդ հանդիպումից և Իրանի հետ պայմանավորվածություններով փորձելու է արգելակել եռակողմ հանդիպման համաձայնությունները:

Այսօր խոսվում է, որ Սոչիի պայմանավորվածությունները ձգձգվում են: Մոսկվայում փոխվարչապետների հանդիպումից հետո չի եղել հայտարարություն, ինչպես ազդարարել էր Պուտինը: Խոսվում է, որ կա նոր հանդիպումների կարիք: Եթե եռակողմ ձևաչափում որոշակի արդյունավետությամբ առաջ է շարժվում ապաշրջափակման և դեմարկացիայի օրակարգը, 3+3-ը Թուրքիայի համար դառնում է, ըստ էության, իմաստազուրկ:

Այստեղ է նաև Երևանի դիրքորոշման նրբությունը՝ Արցախի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահություն, ապաշրջափակումն ու սահմանները եռակողմ ձևաչափ, տակն ինչ կմնա՝ խնդրեմ, քննարկենք 3+3-ով: Իսկ բանն այն է, որ այդ դեպքում տակը կմնա թերևս միայն հայ-թուրքական սահմանի հարցը: Եվ, եթե այդ հարցն անջատվի, այսպես ասած, ռեգիոնալ լայն փաթեթից, Թուրքիան կհայտնվի ոչ այնքան շահեկան վիճակում: Հարցը Հայաստանի հանդեպ ոչ շահեկան վիճակը չէ, այլ առաջին հերթին մյուս խոշոր խաղացողների, որոնց օրակարգում հայ-թուրքական հարցը գործիքակազմի ակտիվ կամ պասիվ մաս է:

Այս ֆոնին հետաքրքիր է Բլինքենի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է նաև Չավուշողլուի հետ, իսկ հետո՝ Լավրովի: ԱՄՆ կօգտագործի իր հնարավորությունը Թուրքիայի դիմադրությունը զսպելո՞ւ, թե՞ հակառակը՝ եռակողմի էական առաջընթաց արգելակելու Անկարային ձգտմանն աջակցելու համար: Սա էլ թերևս կախված է այն բանից, թե ինչ տրամաբանությամբ է ընթանում Բայդեն-Պուտին հանդիպման շուրջ ամերիկա-ռուսական նախապատրաստական աշխատանքը: Բավականին բան կարող է ուրվագծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որ ազդարարեց Լավրովը: Առայժմ հայտարարության տեքստը կարծես թե հրապարակված չէ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր