ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 480.88, EUR 550.94, RUB 6.32, GBP 660.30
-8 °C, -11 °C ... -3 °C Վաղը`-5 °C
«Եկավ Վանոյի ասած «գյադաների ժամանակը»». Լևոն Զուրաբյան
00:12, 04.12.2021
4836 | 2

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գրառումը. «Քչերն են արժանացել այն բանի, որ ժողովուրդն իրենց ճանաչի անունով և կարիք չունենա ավելացնելու ազգանունը։ Այդ քչերից մեկը Վանոն էր և Վանոն է։ 88-ի առաջին հենց հանրահավաքներից սկսած ժողովուրդը սիրեց նրան, որովհետև իր մեջ տեսավ իրեն։ Վանոն իր մեջ պարունակում էր մեր ժողովրդի բնավորությունների, խառնվածքների և տեսակների հարուստ ներկապնակը, հետևաբար, այնպես էր խոսում, որ իր խոսքը կարողանում էր հասնել բոլորի սրտերին ու մտքերին։ Կարող էր լինել ամենալուրջից էլ ավելի լուրջ, ամենաուրախից էլ ուրախ, ամենատխուրից էլ տխուր, և խորաթափանցից էլ ամենախորաթափանցը։ Չափազանցություն չեմ համարում ասելու, որ այս իմաստով նա այդ մեծ ազատագրական շարժման ոգու կրողն էր, եթե ոչ՝ ոգին։
Նրա շռնդալից քաղաքական հաջողության և ժողովրդականության գլխավոր պատճառն այդ ներառականությունն էր։ Նա այդպիսինն էր, առաջին հերթին որովհետև բնածին գրող էր և լավ գրող։ Գրողի գլխավոր շնորհքը, չէ՞ որ, սեփական աշխարհը այլոց աշխարհներով բնակեցնելու հազվագյուտ կարողությունն է։ Այդ շնորհքն էր, որ թույլ էր տալիս Վանոյին այդքան ճշգրիտ ըմբռնել մեր ժողովրդի հոգին, այդքան հաղորդակից լինել նրա հույզերին եւ բաղձանքներին։
Հրանտ Մաթևոսյանը, գրական արվեստի և ճաշակի անգերազանցելի նահապետը, նրան դասում էր Ստեփան Զորյանի, Ակսել Բակունցի, Հակոբ Մնձուրու, Աղասի Այվազյանի շարքում, բայց կարելի է պատկերացնել, թե ինչ բարձունքների կհասներ Վանո Սիրադեղյանը, եթե նրան ընթերցողներիցս չխլեր պետական գործը։
Երբ եղավ հայրենիքի կայացման, Արցախի ազատագրման մարտահրավերը, Վանո այլ բան չէր անում, քան իր՝ գրողի բնակեցված և գուրգուրած աշխարհի պաշտպանությունը։ Այդ գործում բացահայտվեցին իր այլ որակները՝ լրջախոհությունը, քաղաքական իրատեսությունը, վճռականությունը և անսահման համարձակությունը։ Ազգանպատ ցանկացած գործում, լիներ դա արցախյան Շարժման առաջնորդումը, Արցախի ազատագրումը, Հայաստանի անկախացումը, թե՝ նորանկախ երկիրը քայքայող հանցագործ աշխարհի ջախջախումը, նա պատրաստ էր ստանձել ամբողջ պատասխանատվությունը, զոհաբերելով սեփական անվտանգությունը, իր և իր մերձավորների անդորրը։
Վանոն ոչինչ չխնայեց հայրենիքի պաշտպանության և կայացման համար, ու նաև իր ջանքերով մենք ունեինք հաղթանակած, հզոր և հպարտ հայրենիք, որը պիտի սկսեր ստեղծագործելու ու զարգացման դարաշրջանը՝ ամրապնդելով հաղթանակը խաղաղությամբ։ Մարգարեական կանխատեսմամբ Վանոն զգուշացնում էր խաղաղության այլընտրանքի կործանարար հետևանքների մասին։
Բայց եկավ Վանոյի ասած «գյադաների ժամանակը», որը ոչ մի կերպ չի ցանկանում ավարտվել։ Գյադաներն ուրացան Վանոյին, ուրացան Հայաստանի անկախությունը, Արցախը, փորձեցին ավերել նրա թե՛ գրական, թե՛ քաղաքական ժառանգությունը։
Մենք պարտք ենք քեզ, Վանո։ Եվ մենք կունենանք քո երազած ազատ, անկախ և հպարտ երկրիրը, որն ըստ արժանվույն կգնահատի իր նվիրյալ զավակների գործը»։

Աղբյուրը` Լևոն Զուրաբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր