ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի գրառումը․ «Իմ և Հայ-Ռուսական համալսարանի գործունեության առիթով ֆալսիֆիկացված տվյալների հիման վրա հարուցված քրեական գործի պատվիրատուներին հակազդելու առաջարկով ինձ դիմել են. * համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը՝ արտահերթ գիտխորհուրդ և համալսարանի կոնֆերանս հրավիրելու պահանջով, * համալսարանի ուսանողությունը՝ դասադուլ և ցույցեր անելու առաջարկով, * բազմաթիվ ծնողներ՝ տարբեր հասցեներով կոլեկտիվ նամակներ գրելու առաջարկով, * հազարավոր արդեն շրջանավարտներ՝ համալսարանի դիմաց հավաքվելու, իրավիճակի կապակցությամբ իրենց զայրույթը արտահայտելու և ռեկտորին աջակցություն ցուցաբերելու մղումով, * բազմաթիվ արժանապատիվ հայեր՝ սատարման և աջակցության առաջարկություններով: Անչափ Շնորհակալ եմ բոլորին: Համալսարանական անձնակազմին, սակայն, ռեկտորի իրավունքով խստիվ հրամայում եմ. ո՛չ մի դասադուլ, ո՛չ մի գիտխորհուրդ կամ կոնֆերանս այս հարցով: Պատվերը քաղաքական է, ուղղված է անձամբ իմ դեմ, իմ սեփական ուժերը լրիվ բավարար են այս գրոհը կասեցնելու և պատվիրատուներին ամաչեցնելու համար: Համալսարանն ինչպես եղել, այնպես էլ մնում է ու կմնա քաղաքական խաղերից դուրս, Ակադեմիական Ազատության, Սիրո, Արդարության, Անձնային աճի, Համերաշխության, Համագործակցության և Արժանապատվության բացառիկ կղզի: Ես եղել և մնում եմ դրա երաշխավորը: Համալսարանը շարունակում է իր կառուցողական ու հաղթական ուղին: |