Իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանը այլևս անճանաչելի քաղաք է դարձել։ Քաղաքում շրջելով՝ բնազդով նույնիսկ զգում ես հայկականության օտարումը, վանող շունչը, որը երևանյան չէ, այլ թերևս քաղքենի մեգապոլիս է հիշեցնում։ Այն, որ Երևանը վերածվել է մոլախաղային բորդելի՝ տեսանելի է անգամ փակ աչքերով։ Փորձեք վիզուալ կերպով շրջանցել բոլոր այդ գովազդային վահանակները և կտեսնեք, որ դա անհնար է։ Միևնույն է բոլոր կողմերից պաշարված եք տեսողական դիվերսիայով և տեռորով։ Երկկողմանի կրակահերթի պես գնդակոծվում է մարդկային միտքը։ Երևանը շուտով նաև հեղեղվելու է աղանդավորական շրջիկ փերեզակներով, որոնք արդեն իսկ սկսել են Աստծո անունից մարդկանց սուրճ, թեյ առաջարկելով։ Հետո նաև կարող է մեղքերի թողության թղթեր՝ ինդուլգենցիաներ վաճառեն։ Եվ այսպես տեղի է ունենելու հայերի հերթական մասնատումը և միմյանցից խզումը։ Մի խոսքով, Երևանը մեզնից օտարելու մենթալ օպերացիան արդեն սկսված է։ Նախ պետք է մեր ուղեղներում դա անել հետո արդեն փաստացի կերպով»։ |